Վլադիմիր Գասպարյանի դուստրը դիմել է իրավապահներին. նրա հարցը լուծվել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը նամակ է ուղղել ՀՀ իրավապահներին` վաղեմության հարցի հետ կապված:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է ընթանում` ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոցի տնօրենը, 2013 թվականի ապրիլից մինչեւ օրս զբաղեցնելով տնօրենի պաշտոնը, ունենալով կազմակերպական-վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններ, շահադիտական նպատակներով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ 02.04.2013-ից մինչեւ 07.11.2013թթ. որպես լաբորանտ, ապա 19.01.2015-ից մինչեւ 30.12.2015թթ. որպես հոգեբան աշխատանքի է ընդունել նույն մարդուն, որը չի հաճախել աշխատանքի եւ չի կատարել իր պարտականությունները:

Դպրոցի տնօրենը ստորագրել ու փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկագրեր է ներկայացրել հաշվապահին, որոնց հիման վրա աշխատանքի չհաճախած անձի անվամբ հաշվարկվել եւ վճարվել է 1.161.679 ՀՀ դրամ գումար աշխատավարձ` պետությանը պատճառելով խոշոր չափի վնաս:

Իսկ ո՞վ է եղել այն աշխատակիցը, որին թիվ 192 դպրոցի տնօրենը աշխատանքի է ընդունել, բայց նա այդպես էլ գործի չի գնացել, եւ իր անվամբ աշխատավարձ է դուրս գրվել: Ո՞վ է արժանացել Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոցի տնօրենի այդ բարեհաճությանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` անձը, որին 2013 թվականի ապրիլի 2-ից մինչեւ 2013 թվականի նոյեմբերի 7-ը որպես լաբորանտ, ապա 2015 թվականի հունվարի 19-ից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 30-ը որպես հոգեբան աշխատանքի են ընդունել, ու նա չի ներկայացել աշխատանքի եւ չի կատարել իր պարտականությունները, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստր Աննա Գասպարյանն է եղել:

Եվ, ահա, իրավապահների կողմից տարվող քննությունից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հարցաքննվել է Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոցի տնօրենը եւ ներկայացրել է, որ իր այդ քայլով որոշել է ընդամենը «լավություն անել» ՀՀ նախկին ոստիկանապետի դստերը եւ այլ նպատակ չի ունեցել: Ինչեւէ, իրավապահները հարցաքննության են հրավիրել նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետի դստերը, սակայն վերջինս հայտնել է, որ երկրում չէ, եւ դիմել է իրավապահներին՝ դադարեցնելու իր նկատմամբ քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետի հիմքով: Եւ, ահա, այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս