Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում բնակարանամուտ են տոնել: Սկզբում նկուղում, ապա կիսակառույցում դժվար օրեր անցկացրած Տեր-Սահակյանները վերջապես տանտեր են դարձել: Բազմանդամ ընտանիքը երկար տարիներ զուրկ է եղել այդ հնարավորությունից: Տասնամյակների միակ առաջընթացը եղել է նկուղային հարկից կիսակառույց տեղափոխվելը, որի շինարարությունը նախաձեռնել է ընտանիքի պապը՝ Մհերը: Նրա սկսածը հնարավոր է եղել ավարտին հասցնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ միայն:
Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերն ամռանը կամավորական աշխատանքներ են իրականացրել Ծովինարում: Հերթական այցի նպատակն ավարտված շինարարության վերջնական արդյունքը տեսնելն ու կառուցված տան մեջ ուրախ առիթը նշելն է եղել: Տեր-Սահակյաններն անցյալում են թողել դժվար օրերի հիշողությունները: Այժմ փորձում են նոր կյանք կառուցել և վերականգնել իրենց առողջությունը, որը տուժել է տեղանքին բնորոշ խստաշունչ եղանակի հետևանքով՝ նկուղում և կիսակառույցում ապրած տարիներին:
«Այս երջանկությանը երկար ենք սպասել։ Անհնար է նկարագրել ուրախությունս, երբ տեսնում եմ՝ թոռներս վազվզում են լայն ու լուսավոր, տաք ու ապահով տան մեջ։ Ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքները վայելեն նման երջանիկ պահեր»,-ասել է Մհերը։
«Երկար տարիներ, այս ծրագրի իրականացման ընթացքում՝ կարևոր դիտարկումներ ենք արել: Մեր աչքի առաջ բազմաթիվ ընտանիքներ հաղթահարել են տարիների հուսահատությունն ու անզորության զգացումը: Դա ամենակարևոր ձեռքբերումն է: Ամռանն այս տարածքը շինհրապարակ էր ընտանիքի ու մեր կամավորների համար: Աշխատում էինք ոգևորությամբ. բոլորիս միավորում էր օգտակար լինելու նպատակը: Մեզ միացել էին անգամ տան փոքրերը, որոնց ներկայությունը մեծացնում էր պատասխանատվության զգացումը: Տեղի եղանակային պայմանները մեղմ չեն, և մենք գիտակցում էինք, թե որքան կարևոր էր մինչև ձմեռ գործն ավարտին հասցնելը: Այսօր արդեն բնակարանամուտ ենք նշում և դա հրաշալի է: Ուրախ եմ հերթական ընտանիքի կյանքում արձանագրված դրական փոփոխության համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Բնակարանաշինության ծրագրի հաջողության գրավականն այն է, որ ընտանիքներն իրենք են դառնում իրենց տների կառուցողն ու պատասխանատուն: Այսպիսով, սեփական տանիք ունենալու ցանկությունը դառնում է իրական և տալիս է ցանկալի արդյունք: Հերթական բնակարանամուտն է այսօր, մեր աշխատանքում ամենասպասված պահը՝ արդյունքները տեսնելու ժամանակը»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Տարիների համագործակցության շնորհիվ, Գեղարքունիքի մարզի 6 համայնքում կառուցվել կամ վերանորոգվել է 8 տուն։