ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։
«Դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և Ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Դատախազության հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում Ուզունյանի՝ ՀՀ տարածքը լքելու հանգամանքները պարզելու և բավարար հիմքերի հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ավելի վաղ Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը քննած դատավորն անցնում է կաշառքի գործով: