Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 29-ամյա ղեկավար Դավիթ Կարապետյանի կենսագրական տվյալները չեն դադարում զարմացնել: Հիշենք, որ նշանակվելու ժամանակ նրա կենսագրությունը մի քանի ամիս բացակայեց Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից: Այս անգամ երիտասարդ թաղապետի կենսագրական տվյալներն ուսումնասիրելիս պարզվեց, որ Կարապետյանը մինչ այսօր դեռ բարձրագույն կրթությունչունի:
Այսպես, ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված տվյալների՝ Դավիթ Կարապետյանը 2012 թվականից առ այսօր սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետում։ Ասել է թե՝ վարչական շրջանի ղեկավարը 8 տարվա ուսանող է:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Դավիթ Կարապետյանի հետ եւ հետաքրքրվեց՝ինչպես է ստացվել, որ 8 տարի շարունակ սովորում է եւ դեռ չի ավարտել:
-Պարո՛ն Կարապետյան, Դուք 8 տարի շարունակ սովորում եք ՀՀ ազգային ագրարային համալսարանում:
-Ես ընդմիջում եմ ունեցել 3 տարի:
-Կմանրամասնե՞ք՝ 2012 թվականից սկսած՝մինչեւ երբ եք սովորել, հետո ընդմիջել:
-Երկու տարի սովորել եմ, հետո 3 տարի ընդմիջում տվելունորից շարունակել: Ես երկու տարի սովորելուցհետո եմ ընդմիջում տվել… Այս պահին չորրորդ կուրսում եմ. քանի որ հեռակա է, այն տեւում է հինգուկես տարի:
-Այսինքն՝ 2014 թվականի՞ն եք ընդմիջում վերցրել:
-Մի քիչ ավելի երկար է եղել, հետո ակադեմիական դիմում եմ ներկայացրել, մոտավորապես կեսսեմեստրից ավելը ես հիմա կրկնել եմ… Ես ուղղակի երկրից բացակայեցի մի պահ: Այդպես ընդմիջում եղավ:
-Արտագնա աշխատանքի՞ եք մեկնել:
-Չէ, մասնավոր բիզնես դասընթացների եմ մասնակցել:
Նշենք, որ Դավիթ Կարապետյանը համայնքի ավագանու ընտրություններին Մալաթիայում համակարգել է ՔՊ-ի շտաբի աշխատանքները: Նա բիզնեսով է զբաղվել, մասնավորապես՝«շաուրմայանոցում» է աշխատել:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Դավիթ Կարապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին հայտնվել Է միմիայն իր ազգական, Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի շնորհիվ։ Պարզվում է՝ Հայկ Սարգսյանը Դավիթ Կարապետյանի հայրիկի մորաքրոջ որդին է, որին, ինչպեսմեր աղբյուրներն են պնդում, վերջինս «հոպար» է ասում։ Ինչ խնդիր ունենում է Դավիթ Կարապետյանը, անմիջապես հեռախոսոով կապ է հաստատում հենց Հայկ Սարգսյանի հետ։ Հավելենք, որինքը՝ Դավիթ Կարապետյանը, մեզ հետ զրույցում «ուրացավ»՝ չխոստովանելով իր եւ Հայկ Սարգսյանի ազգակցական կապի մասին։
Սյունէ Համբարձումյան