«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կադրային զտում է, եւ կոմիտեի նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանը լծվել է հին կադրերից ազատվելու գործին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներկայիս ղեկավարն այս ընթացքում փորձում է ձերբազատվել ոչ միայն Սարհատ Պետրոսյանի կադրերից, այլեւ նրանցից, որոնք տասնյակ տարիներ աշխատել են այս համակարգում: Օրինակ՝ այս տարեսկզբին աշխատանքից ազատվեց Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանը, բայց, ըստ պաշտոնական հաղորդագրության, Պետրոսյանն ազատվել է առողջական խնդիրների պատճառով: Եվ այս ընթացքում Կադաստրի կոմիտեում թափուր պաշտոններ կան, որոնք զբաղեցնելու համար մրցույթներ են տեղի ունենում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Կադաստրի կոմիտեում զուգահեռ բարեփոխումների գործընթաց է սկսվել, որը ղեկավարում է տեղակալ Դավիթ Սողոմոնյանը: Խոսքը կադաստրային քարտեզների մասին է: Պարզվում է՝ կադաստրային քարտեզները կոմիտեի աշխատակազմը փորձում է բերել այն տեսքի, որպեսզի բնակիչը խնդիր չունենա: Իսկ մինչ այդ, նշենք, որ այս երեւույթը դատական քաշքշուկների, բանկային խնդիրների պատճառ է դառնում։ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած մասնագետի խոսքով՝ Կադաստրի դատական հայցերի գերակշիռ մասը չի բավարարվում, ինչի հետեւանքով Կադաստրը Արդարադատության նախարարությանը պարտք է ավելի քան 200 մլն դրամ:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։