Երեկ՝ ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի տներից մեկում էլեկտրական հոսանքի լարով 26-ամյա կնոջը փորձել է խեղդել 17-ամյա խորթ որդին:
Նշենք, որ այս մասին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա մի կին, ով հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել:
Դեպքի մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Լեռնանիստ համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Ադամյանի հետ:
«Երեք տարի առաջ ընտանիքը ամուսնալուծվել է, և Կամո Սիմոնյանը երկորդ անգամ է ամուսնացել: Ներկա կնոջից ունի 8-9 ամսական երեխա: Առաջին կնոջ տղան եկել է տուն, պահանջել է, որպեսզի տունն ազատեն, քանի որ դա իր տունն է: Բռնության մասին մանրամասն տեղեկություններ չունեմ, իրավապահներն այս պահին զբաղվում են»,-ասաց նա:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ամուսիններն աշխատասեր, նորմալ մարդիկ են. « Ամուսինը զբաղվում է սեզոնայնին աշխատանքով, նորմալ ապրում են»:
Հավելենք, որ ոստիկանության ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Հրազդանի բաժին: Վերջինս ձերբակալվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ բռնության դեպք էր տեղի ունեցել նաև մարտի 5-ին Գյումրիում: Դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Լիդա Եղիազարյան