Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական
խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների շուրջ: Քննարկումը
ծավալվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված քայլերի համատեքստում:
Քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի կողմից ներդրումների
ներգրավման և խթանման հնարավորությունները: ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է
արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության
ոլորտներում ներդրումային ծրագրերի առաջարկներ՝ պետություն-մասնավոր (PPP) համագործակցության մեխանիզմի կիրառմամբ: Նա անդրադարձել է նաև ANIF-ի գործունեության ռազմավարությանը, նպատակներին և ներդրումային ծրագրերի կառավարման գործիքակազմին, առկա կարողություններին:
Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում քննարկվել են պետություն-մասնավոր
գործընկերության սկզբունքի ներքո ծրագրերի իրականացման ընթացակարգերին, կառավարման ինստիտուցիոնալ
շրջանակին, կիրառելի չափանիշներին, ռիսկերի գնահատման և կառավարման գործիքներին առնչվող հարցեր:
«Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել ինչպես նոր ներդրումների ներգրավումը,
այնպես էլ առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը և դրանով իսկ ապահովել տնտեսության զարգացումը», –
ամփոփելով քննարկումը՝ նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ գույքագրել պետական այն ակտիվները, որտեղ կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա, նշել ոլորտները, որտեղ ներդրումների ներգրավման հեռանկարներ կան, և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ պիլոտային ծրագրի տարբերակներ՝ հնարավոր արդյունքների և ռիսկերի գնահատմամբ:
Մանրամասները ՝ տեսանյութում։