Գերմանիայում տրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի հնարավոր պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին թույլտվությունը:
«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտը: Դեղամիջոցը ստեղծել է «BioNTech» ընկերությունը: Կլինիկական փորձարկումների նպատակն է պարզել իմունային ռեակցիա առաջացնելու հնարավորությունը:
Առաջին փուլին մասնակցում են 18-55 տարեկան 200 առողջ փորձարկվողներ: Երկրորդ փուլում կլինեն նույն տարիքի, սակայն բարձր ռիսկի խմբի մարդիկ: Նշվում է, որ դեղամիջոցի փորձարկումը կդառնա կարևոր շրջան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ճանապարհին: Առաջիկա ամիսներին Գերմանիայում կսկսեն փորձարկել նաև այլ դեղամիջոցներ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։