«Նրա հետ իմ գոլային փոխանցումների քանակը աներեւակայելի շատ կլիներ». Կեւին Դե Բրույնեն` իր երազանքների թիմակցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեստեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն նշել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց հետ կցանկանար խաղալ միեւնույն թիմում. «Միգուցե Տիերի Անրին կամ Կրիշտիանու Ռոնալդուն: Կարելի է ունենալ հիանալի կիսապաշտպանություն, բայց իմ խաղի ստացման գործում շատ կարեւոր են նաեւ հարձակվողները: Այդ պատճառով կընտրեի Անրիին կամ Ռոնալդուին:

Ես օդային փոխանցումներ կկատարեի Ռոնալդուին, եւ նա այդ գնդակները ցանցը կուղարկեր անգամ 3 մետր բարձրությունից: Այդ ժամանակ իմ գոլային փոխանցումների քանակը աներեւակայելի շատ կլիներ»,- բելգիացու խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դե Բրույնեն դարձել է 8 գոլի եւ 16 գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպական թոփ 5 լիգաներում ավելի շատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստ չկա: Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը միակն է, ով այդ ցուցանիշով հավասար է Կեւին Դե Բրույնեին:

Ընթացիկ մրցաշրջանում 15 ասիստ կատարել է «Բորուսիա Դորտմունդից» Ջեյդոն Սանչոն, 14 գոլային փոխանցում էլ իր անվան դիմաց գրանցել է ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս