ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի քաղաքապետարանը մեկ պարտվել է, մեկ՝ հաղթել. ինչ է լինելու Օպերայի սրճարանների ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը դեռևս 2019 թվականին հայտարարել էր Օպերայի հարակից սրճարաններն ապամոնտաժելու, ապա  նրանց զբաղեցրած տարածքը բարեկարգելու և կանաչապատելու մասին:  Անգամ  Երևանի քաղաքապետրանը հրապարակել էր մակետ-լուսանկար՝ ցույց տալով, թե ինչպիսի տեսք պետք է ունենա Օպերայի տարածքը՝ սրճարաններն ապամոնտաժելուց հետո։ Սակայն այս հայտարարությունից մեկ տարից անց ամեն դեպքում մի քանի սրճարաններ դեռ կանգուն են և առաջիկայում էլ չեն ապամոնտաժվի:

Մինչեւ այժմ ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել միայն «Ատլանտիկե»-ում ու «Ջազզվե»-ում: Բացի այդ, վերադարձվել է «Ռիչ» սրճարանի մանկական խաղահրապարակի զբաղեցրած տարածքը: Մյուս երկու սրճարանները, որոնք եւս գտնվում են նշված առաջին գոտում ու ենթակա են ապամոնտաժման, շարունակում են կանգուն մնալ: Խոսքը «Մոնտալ»-ի եւ «Շոկոլադնիցա»-ի մասին է: Դրանք քանդելու իրավական հիմքեր քաղաքապետարանն առայժմ չունի, ինչը ստանալու համար էլ դիմել էր դատարան:

Երեւանի քաղաքապետարանը հայցերից մեկով դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Մերի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ)՝ գումարի բռնագանձման, հողի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, տարածքն ազատ վիճակում Երեւան համայնքին վերադարձնելու եւ կատարված իրավունքի պետական գրանցումը վերացնելու վերաբերյալ: Իսկ ահա «Շոկոլադնիցա» սրճարանը շահագործող «Մագնոլիա» ընկերությունը շահագործում է երեք սրճարան: «Շոկոլադնիցա»-ից բացի «Մագնոլիա»-ն ու «Մեղեդին»:

Եվ ահա, պարզվում է՝ քաղաքապետարանն այդպես էլ չի ապամոնտաժի Montale սրճարանը: Ավելին, բոլոր դատական ատյանները մերժել են Երևանի քաղաքապետարնին:  Դեռևս 2017 թվականի հուլիսին Երևանի քաղաքապետարանը «Մերի» ՍՊԸ-ի դեմ հայցադիմում էր ներկայացրել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ գումարի բռնագանձման և վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջով: Սակայն 2019 թվականի մայիսին դատարանը վճռել է Երևան համայնքի հայցադիմումը ամբողջությամբ մերժել, ապա նույն  թվականի սեպտեմբերին այդ վճռի դեմ Երևան համայնքը ներկայացրել էր վերաքննիչ բողոք, որը ևս մերժվել է։ Իսկ Վճռաբեկ դատարանն էլ բողոքը վարույթ չի ընդունել։ Իսկ ահա «Մագնոլիա» ՍՊԸ-ի մասով դատական նիստերը շարունակվում են:

Դրան զուգահեռ «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ն 2019 թվականի մայիսի 17-ին դիմել էր վարչական դատարան՝ ոչ իրավաչափ ճանաչելու Երևանի քաղաքապետարանի մարտի 13-ի գործողությունները:  «Ատլանտիս գարդեն» ՍՊԸ-ի սրճարանը  օպերայի հարակից տարածքում քաղաքապետարանի կողմից մարտին ապամոնտաժված սրճարաններից մեկն է: Սակայն դատարանը մերժել է հայցադիմումը և քաղաքապետարանի գործողություններն իրավաչափ համարել:

Այսպիսով, քաղաքապետարանին դեռևս չի հաջողվում խոստացվածն իրականացնել. Սրճարաններն ապամոնտաժելու մի հայցով նա պարտվել է, մյուսն էլ ընթացքի մեջ է, սակայն չի բացառվում, որ նույն ճակատագրին արժանանա:

Հիշեցնենք, որ ՙառաջին գծում՚ գտնվող սրճարաններից Ջազվեն այդպես էլ չբողոքարկեց քաղաքապետարանի որոշումներն ու գործողությունները:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս