Ադրբեջանցի 22-ամյա ռազմագերու համագյուղացիները մանրամասներ են պատմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

razm.info-ն գրում է, որ փետրվարի 2-ին սոցցանցերում որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի համագյուղացիների համաձայն՝ նա Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող էր:

Գերեվարված զինծառայողի ծնողների հետ հարցազրույց են ունեցել նաև ադրբեջանական լրատվամիջոցները: Տեղադրվել է տեսանյութ, գերեվարվածի նկարները: Լրատվամիջոցները ևս հաստատում են, որ գերեվարվածը գործող զինվորական էր:

Նախօրեին ադրբեջանցի զինծառայող Էլնուր Հյուսեինզադեի մայրը հերքել է Ադրբեջանի պաշտոնական վարկածն այն մասին, որ իր որդին ադրբեջանական ԶՈւ-ի զինծառայող չէ: «Չորս ամիս է, ինչ կամավոր ընդունվել է ծառայության: Երեկ գիշերը զանգահարեցին զորամասից և ասացին, որ զորամաս չի եկել: Ես էլ ասացի, որ եկել է զորամաս, ոնց թե չի եկել: Հետո էլ, թե գերի է ընկել, ես էլ ասացի՝ որտեղի՞ց գիտես: Ասաց, որ համացանցում է գրված: Ես էլ ասացի՝ քո զինվորն է, դու պետք է իմանաս՝ ո՞ւր է գնացել, որտեղի՞ց է գալիս: Մինչ այժմ որևէ նորություն չկա»,- պատմում է  մայրը:

Սոցցանցերում հայտնված տվյալները համապատասխանում են այդ հրապարակումներից ժամեր անց Ադրբեջանի գերիների և անհետ կորածների հարցով պետական հանձնաժողովի՝ գերեվարվածի մասին հայտնած անձնական տվյալներին: Ըստ այդմ իսկապես մեծ հավանականություն կա, որ Հուսեյնովի համագյուղացիների հայտնած տեղեկություններն իսկապես ճիշտ են:

Ըստ այդ տեղեկությունների՝ Հուսեյնզադեն Ադրբեջանի Բարդայի շրջանի Ղուլլար գյուղի բնակիչ է, 1995 թ. ծնված: Այս տվյալն իր հերթին մասամբ համապատասխանում է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում նշվածին (այնտեղ նշվում էր, որ գերին «Բարդայից է»):




Լրահոս