ՀՀԿ-ում սպասողական վիճակ է. ամեն ինչ կորոշվի այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունում դեռևս սպասողական վիճակ է. բոլորը շունչները պահած` սպասում են իրենց «հոր»՝ Սերժ Սարգսյանի վերջնական որոշմանը: Այսօր՝ 18:00-ին ՀՀԿ-ն անցկացնելու է Գործադիր մարմնի նիստ, իսկ 19:00-ին՝  խորհրդի նիստ, որի ժամանակ էլ սպասվում է վերջնական որոշումների կայացումը:

ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ առանցքային պաշտոնների մասին վերջնական որոշումը հայտնի կդառնա այսօր՝ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ: Իսկ մինչ խորհրդի նիստը, նույն օրը ՀՀԿ-ն կգումարի գործադիր մարմնի նիստ և կքննարկի ԱԺ նախագահի և տեղակալների հարցը:

Չնայած դեռ վերջնականապես հայտնի չէ, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահը և տեղակալները, այնուամենայնիվ, ՀՀԿ-ի կուլիսներում Աժ նախագահի ամենահավանական թեկնածուն այս պահի դրությամբ համարվում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ նրա տեղակալներից մեկը՝ դեռևս արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնի է՝ երեք փոխխոսնակների պաշտոններից մեկը ըստ օրենքի՝ տրամադրվելու է մեծությամբ երկրորդ քաղաքական ուժին, այս պարագայում «Ծառուկյան» դաշինքին: Ըստ տեղեկությունների՝ այս դաշինքի ԱԺ փոնախագահի թեկնածուն ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է:

Իսկ փոխնախագահի երրորդ պաշտոնը, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն կհատկացնի իր կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՅԴ-ին, որպես փոխհատուցում առաջիկայում ձեւավորվող գործադիրում եւս մեկ պորտֆել չավելացնելու համար: ԱԺ նախագահի դաշնակցական տեղակալը, ըստ ամենայնի, կլինի Արմեն Ռուստամյանը:




Լրահոս