Անգլիայի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի վերսկսումը կրկին հարցականի տակ է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Guardian-ը: Պրեմիեր լիգայի կազմակերպիչներն առցանց հանդիպում են ունեցել առաջնության մասնակից բոլոր թիմերի ղեկավարության հետ, որի ընթացքում թիմերի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել պանդեմիայի ընթացքում առաջնության վերսկսման վերաբերյալ: Ֆուտբոլիստներն անվտանգության նորմեր հետ կապված այլ պահանջներ ունեն և առավել երկար մարզումային ժամանակահատված են ուզում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին: Սակայն կազմակերպիչներն առաջնահերթ են համարում առաջնության ընթացքում անվտանգության բոլոր նորմերի պահպանումը:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին:
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: