Երեկ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստում անդրադարձել էր կառավարության գործունեությանը եւ քննադատություն հնչեցրել` նշելով, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի:
Ծառուկյանի հայտարարությանը երեկվանից անդրադառնում են իշխանության ներկայացուցիչները։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մասնավորապես նշել էր, որ վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ:
ArmLur.am-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հետ՝ անդրադառնալով իրենց հասցեին հնչող քննադատություններին։
-Պարո՛ն Գրիգորյան, իշխող ուժը քննադատում է Ձեր ուժին և պարոն Ծառուկյանին՝ այս փուլում նման հայտարարություններ անելու համար։ Ինչպես կարձագանքեք։
-ԲՀԿ-ն նույն միասնության կոչն է անում, որ իսկապես երկիրը վտանգված է, լրջագույն խնդիրներ կան և ԲՀԿ-ն ասում է եկեք միասին՝ մի կողմ դնելով կուսակցական պատկանելիությունը, անուն-ազգանունները, պրոֆեսիոնալ կառավարություն ստեղծենք, որ կարողանանք այս իրավիճակը փոխել, խնդիրները լուծել և երկիրը դուրս բերել այս իրավիճակից։ ԲՀԿ-ի կոչը դա է, ով է ասում՝ մենք ուրիշ բան ենք ասում։
-Պարոն Ծառուկյանն ասել էր, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի։ Այս փուլում ճի՞շտ են նման հայտարարությունները։
-Եթե երկիրը ծանր վիճակում է, ինչ ենք անելու, քայլեր չձեռնարկե՞նք, էլ ուր սպասենք։ Ամեն մի րոպեն այս երկրի համար ճակատագրական է։ Պետք է ավելի ուշադիր ծանոթանալ Ծառուկյանի հայտարարությանը, նա ասում է՝ եկեք համախմբվենք, պրոֆեսիոնալ կադրերով համալրենք մեր կառավարությունը, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ։ Ամեն մեկս զգում ենք, թե ինչ իրավիճակում է գտնվում երկիրը բոլոր առումներով։ Պետք է հիմա կարողանանք այս իրավիճակից դուրս գալ։
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ այդ դեպքում իշխող ուժի կողմից քննադատության պատճառը որն է։
-Պարզ է, եթե կառավարության աշխատանքն ենք գնահատում, կառավարության անդամները ու քաղաքական մեծամասնությունը պետք է անպայման քննադատի։ Քննադատի, բայց նաև դրա փոխարեն ճիշտ կլիներ մի քիչ գոնե ինքնաքննադատությամբ զբաղվեն և որտեղ ձախողել են, ազնվորեն ասեն, որ չեն կարողացել անեն։ Քննադատությունն իրենք սվիններով են ընդունում, բայց բնության մեջ չկա բացարձակ անսխալական քայլ։ Իրենք նոր օրենք են դնում, որ իրենք անսխալական են, ամենագետ են, բայց այդպես չէ։ Ինչը կխանգարի նրանց պրոֆեսիոնալներին համախմբել։
-Իրենք ասում են, թե այս փուլում նման հայտարարությունները դավաճանական են։
-Որ փուլում էր արվեր, քաղաքական մեծամասնությունը դա սխալ կհամարեր։ Ի՞նչ անենք, սպասենք երկիրը կործանվի, նո՞ր։ Դրանից հետո ում են պետք հայտարարությունները։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ այդ հայտարարությունն ուշացած էր, վտանգված է ամեն ինչ։
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը