ԲԱՆԴԻՏԻԶՄԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ, ՄՆԱՑԻՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` վաղ առավոտվանից, Երեւանում անհասկանալի իրավիճակ ստեղծվեց այն պահից, երբ հայտնի դարձավ, որ ոստիկանությունն ինչ-որ հանցախմբի է հետապնդել, որի արդյունքում մեկը մահացել է, իսկ մյուսներին ձերբակալել են: Երեւանի կենդանաբանական այգի տանող ճանապարհին առավոտվանից խցանումներ սկսվեցին, քանի որ ոստիկանությունը, հանցախմբի «պոչին նստած», փորձեց հենց ճանապարհի կեսին վնասազերծել նրանց, երբ նրանք իջնում էին Ավան վարչական շրջանից: Այդ բանդան հայտնի է նրանով, որ վերջին շրջանում մուտք էր գործում հայրենի պաշտոնյաների բնակարանները, ծեծում բնակիչներին եւ ահռելի գումարներ հափշտակում:Տարբեր տեղեկությունների համաձայն` հանցախումբը զինված պատրաստվում էր այցելել իր հերթական «զոհին», սակայն ճանապարհի կեսին ոստիկանությունը խոչընդոտել էր: Հանցախմբից 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը  (մականունը Եթում), ով մի քանի անգամ դատապարտվել է, փորձել է փախուստի դիմել Mercedes մակնիշի 60 ՕՕ 086 պետհամարանիշի մեքենայով, սակայն շրջվել է ժայռից եւ տեղում մահացել: Այդ ամենից հետո հայտարարվեց, որ ոստիկանությունը ձերբակալել է հանցախմբի մյուս մասնակիցներին, որոնց մեջ կան պաշտոնյաների որդիներ: Շրջանառվեցին նաեւ կոնկրետ անուններ` ՀՔԾ-ի պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի որդու, դատավոր Տիգրան Սահակյանի (քրեական պալատի) որդու եւ ինչ-որ մեկի, ով կապ ունի Ազգային անվտանգության ծառայության հետ: Որոշ ժամանակ հետո հերքվեցին նաեւ այդ լուրերը (կամ պաշտոնյաների որդիներին «մաքրեցին»), թե որեւէ պաշտոնյայի որդի չի եղել այդ հանցախմբում, միայն Մարսել Մաթեւոսյանի որդուն են բերման ենթարկել, քանի որ նրա մեքենան դեպքի վայրում է եղել: Անգամ պաշտոնյաներն անձամբ հերքեցին: Պաշտոնապես հաղորդվեց, որ հանցախմբի մասնակիցները միայն քրեական անցյալ ունեցող մարդիկ են: Տեղի ունեցածից հետո քաղաքական շրջանակներում տպավորություն ստեղծվեց, որ  ոստիկանությունը վրեժ է լուծում ՀՔԾ-ից` Մարգար Օհանյանի, Հովհաննես Թամամյանի եւ Վահան Խանզադյանի ձերբակալությունների համար: Այսինքն` միջգերատեսչական կռիվ է սկսվել: Թե որքանով են իրական խոսակցությունները, դժվար է ասել, բայց որ ցերեկն այլ տեղեկություններ էին տարածվում, իսկ օրվա կեսին արդեն ժխտվում էր բոլոր պաշտոնյաների զավակների կապն այս հանցագործության հետ, փաստ է: Նույնիսկ լրատվական կայքերին էին աղաչում-պաղատում հանել այդ ինֆորմացիաները:  Արդեն օրվա վերջում ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ Երեւան քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված օպերատիվ-որոնողական եւ քննչական գործողությունների արդյունքում ՀՀ ոստիկանությունը վնասազերծել է հանցավոր կայուն մի խմբի, որը կասկածվում է մայրաքաղաքում իրականացված ծանր հանցագործություններ  կատարելու մեջ: Հանցավոր խմբի անդամները ոստիկանության աշխատակիցներին ցուցաբերել են զինված դիմադրություն, ինչը հաջողվել է կանխել, եւ խումբը վնասազերծվել է: Նրանց մի մասին ոստիկանները հայտնաբերել են իրենց վարձած բնակարաններում, որտեղ խուզարկության ընթացքում գտնվել են զենք-զինամթերք, ձեռնոցներ, դիմակներ եւ գողության այլ պարագաներ, նաեւ թմրանյութ:Դեպքի առթիվ հարուցվել  է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով:  Բերման է ենթարկվել 13 անձ: Ինտերնետային լրատվամիջոցների հրապարակումները, թե որպես հանցավոր խմբի անդամ` բերման ենթարկվածների թվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց որդիներ, իրականությանը չի համապատասխանում:Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրահանգեց բոլոր բնակարանային գողությունները մեկտեղել մեկ` բանդիտիզմ հոդվածի շրջանակներում ու ստեղծել ընդհանուր օպերատիվ-քննչական խումբ: Արդյունքը չուշացավ, բայց արդեն երկրորդ անգամ վնասազերծման ընթացքում հանցագործ է մահանում: Նախորդ անգամ էլ ոստիկանը կրակեց եւ սպանեց հանցագործին մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանում:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԼուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս