ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու մասին» կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

 

Առաջարկվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների եւ մասնագիտությունների հայտագրման գործընթացին, անցկացման ժամկետներին եւ հայտագրման եղանակին։ Գործող կարգով սահմանված է, որ դիմորդներն ընդունելության դիմում-հայտը եւ փաստաթղթերը հանձնում են այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում հայտագրել են առաջինը: Նախագծով ամրագրվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման առցանց եղանակը՝ ընդունելության քննությունները կազմակերպող եւ անցկացնող Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կայքի միջոցով։ Այս կարգավորումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ եւ կանոնակարգված դարձնել գործընթացը:

Գործող կարգով դիմորդները դիմում-հայտում հայտագրում են մինչեւ 2 անվճար եւ մինչեւ 8 վճարովի մասնագիտություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 5-րդ, 6-րդ տեղերում հայտագրված մասնագիտություններով բուհ ընդունվում են շատ քիչ դիմորդներ, իսկ 7-րդ տեղից հետո հայտագրված մասնագիտություններով ընդունելություն լինում է գրեթե բացառիկ դեպքերում: Բացի դրանից, 8 մասնագիտություն հայտագրելը նվազեցնում է մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնարավորությունը, քանի որ դիմորդները, հաճախ նախընտրած մասնագիտությունից բացի, հայտագրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք պարզապես ունեն նույն մրցութային քննությունները: Արդյունքում՝ բազմաթիվ դիմորդներ, դուրս մնալով նախընտրած մասնագիտության մրցույթից, ընդունվում են այլ մասնագիտություններով:

Նախագծով սահմանվում է, որ բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է հիմնական եւ լրացուցիչ փուլերով: Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է բացառապես մեկ մասնագիտության (անվճար եւ վճարովի) հայտագրմամբ:

Դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի եւ մեկ մասնագիտության անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհերի մինչեւ վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատականներ, եւ այդ մասնագիտություններում (անվճար եւ վճարովի) առկա են թափուր տեղեր: Այսպիսով, հայտագրման այս եղանակը հնարավորություն է տալիս մասնագիտական հստակ կողմնորոշում ունեցող դիմորդներին ընդունվել բուհ իրենց նախընտրած մասնագիտությամբ։

Մասնագիտության հայտագրումն անցկացվում է երկու փուլով` առաջին եւ երկրորդ: Առաջին փուլն ընդգրկում է ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող եւ նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից նախընտրած մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը, իսկ երկրորդ փուլը՝ հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ երկքաղաքացիների եւ օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների, զորացրված կամ տվյալ տարվա մինչեւ հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը։

Նախագծով հստակեցվել են նաեւ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվելու արտոնություններ ունեցող դիմորդների խմբերը, ներկայացվող պահանջները եւ դեպքերը: Սահմանվել է արտոնություն մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած եւ զորացրված դիմորդների համար, այն է՝ զորացրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում ընդհանուր մրցույթից դուրս անվճար ուսուցմամբ ընդունվելու հնարավորություն՝ ըստ ՀՀ կառավարության հաստատած տեղերի: Տվյալ մասնագիտության գծով բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում զորացրված դիմորդն անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

 

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՆՎԱԶԵԼ Է

2020 թվականին համավարակը, պատերազմը բացասական ազդեցություն են ունեցել մաքսային մարմինների կողմից պետական բյուջեի մուտքերի, ինչպես նաեւ ներմուծումների եւ արտահանումների միտումների վրա: Այս մասին հայտնել է ՀՀ ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը: «Երբ դիտարկենք մաքսային մուտքերն առանց ավտոմեքենաների մաքսազերծման, ապա տեսնում ենք, որ 2020 թվականին մաքսային մուտքերը, 2019 թվականի համեմատ, նվազել են, սակայն գրեթե նման են 2018 թվականի ցուցանիշներին»,- ասել է նա: Անդրադառնալով ներմուծման եւ արտահանման տվյալներին՝ Մնացական Շարաֆյանը նշել է, որ 2020 թվականին, 2019 թվականի համեմատ, գրանցվել է մոտ 7 տոկոս արտահանման նվազում, 17.5 տոկոս ներմուծման նվազում: Նա նկատեց, որ թեպետ 2020 թվականին մի շարք ուղղություններում կան նվազումներ, սակայն կան նաեւ ուղղություններ, որտեղ դրական միտում է գրանցվել: Մասնավորապես, 2020-ին ԵԱՏՄ անդամ պետություններից  ներմուծումներն աճել են 1.3  տոկոսով: ԵԱՏՄ երկրներից ներմուծումները, արդեն 2018 թվականի համեմատ, աճել են մոտ 20 տոկոսով, ինչն, ըստ Մնացական Շարաֆյանի, բավական տպավորիչ է: Ըստ նրա՝ ճգնաժամային իրավիճակում նման դրական դինամիկան պահպանվում է, եւ սա ուրախալի է:

Տպավորիչ ցուցանիշներ կան արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների կառուցվածքում: «Մենք 2020 թվականին ունենք արտահանողների 3 տոկոսով աճ: Շատերը շարունակել են ակտիվորեն ներդրում ունենալ տնտեսության մեջ: Այստեղ պետք է նաեւ հաշվի առնենք այն, որ 2019 թվականին ունեինք աննախադեպ աճ՝ մոտ 55 տոկոսով՝ ե՛ւ ներմուծողների, ե՛ւ արտահանողների քանակով։ Վերջինս ենթադրում է, որ 2018 թվականը որպես բազիսային տարի ընդունելու պարագայում նշված ցուցանիշները շարունակել են պահպանվել բարձր մակարդակի վրա»,- ամփոփել է պաշտոնյան:

 

 

 

191 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում փետրվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք, առողջացել է 213 քաղաքացի, մահացել՝ 2-ը: Մեկ օրում կատարվել է 2931 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 697 288-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170.011 դեպք, որոնցից 161.790-ը` առողջացած, 3158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4266 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան  3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել  այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի թիվը 797 է:

 

 

 

ՆՈՐՈԳՈՒՄՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԿԻՍԱՏ Է

2020թ. հուլիսի 12-14-ը ադրբեջանական գնդակոծությունից  եւ  հրետակոծությունից  Բերդ համայնքի մաս կազմող սահմանամերձ  Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում  շատ  առանձնատներ վնասվեցին։ Դրանց  նորոգումը մեծ թափով սկսվեց, սակայն 2020թ. սեպտեմբերի 27-ից՝ Արցախում պատերազմ սկսվելուց  հետո,  աշխատանքները  դադարել են։ Այգեպարի վարչական  ղեկավարի  ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Յամուկյանը հայտնեց, որ գյուղում հրետակոծված, գնդակոծված շուրջ 50 առանձնատների տանիք է  փոխվել, Այգեպարում  կան տներ, որոնց  վերանորոգման   գործը կիսատ է  մնացել, օրինակ՝ տուժած առանձնատան  ջրհորդանները չեն տեղադրվել, կամ առանձնատան  լուսամուտների  տեղադրումը  չի  կատարվել:

Ա. Յամուկյանը կարեւոր համարեց, որ  հրետակոծված, գնդակոծված տների վերանորոգմանը մասնակցած այգեպարցի բանվորների աշխատվարձերի պարտքերը շինարարական կազմակերպության՝ «Տավուշշին»  ԲԲԸ կողմից  արդեն  վճարվել են:  Նա ասաց, որ գյուղում ավարտին են մոտենում ապաստարանի կառուցման աշխատանքները, դրանք 90 տոկոսով կատարված են, մնում է ներքին հարդարման գործը։ Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի  վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը հայտնեց, որ հուլիսյան ռմբակոծությունից, գնդակոծությունից տուժած  Ներքին Կարմիրաղբյուրի 6 առանձնատան  նորոգման հարցը  չի լուծվել, մի առանձնատան վերանորոգումը  սկսվել, սակայն կիսատ է մնացել,  տուժած 4 առանձանատան նորոգումն  ընդհանրապես  չի սկսվել, մեկ տան հարցով  քննչական բաժնում քննություն է կատարում, թե արդյոք տան վնասը ադրբեջանական հրետակոծության հետեւանքով  է տեղի  ունեցել։ Նա  հայտնեց, որ գյուղի պուրակի կառուցման աշխատանքները  2020թ. հոկտեմբերի 10-ից  դադարեցվել են, պուրակի համար հողի հարթեցում է կատարվել։ Նա ասաց, որ  Ներքին Կարմիրաղբյուրի կենտրոնում պուրակ կառուցելու համար  քանդված  2 տներից  մեկի  տերը  մահացած է, նա ժառանգներ չունի, առկա է տարածքի սեփականության  ժառանգության ձեւակերպման խնդիր։ Փետրվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ն. Կարմիրաղբյուրի պուրակի հարցը քննարկվել է  կառավարության նիստում, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը  նիստում հայտարարել է, որ պուրակի  տարածքի սեփականության ժառանգության հարցը  պետք է  դատական կարգով լուծի մարզը եւ համայնքը՝ նկատի ունենալով Տավուշի մարզպետարանին եւ Բերդ համայնքին։ Լեւոն Առաքելյանը հայտնեց, որ, ըստ օրենքի, այդ հարցի լուծումը  համայնքի իրավասությունը կամ պարտականությունը  չէ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս