ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՐԵՎԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ՀՀ զինված ուժերում սպանված զինվորների գործերով դեպքերը չեն բացահայտվում, արդեն նորություն չէ: Այդ մասին բազմիցս գրվել է: Բայց պարզվում է` դատական պրոցեսներն էլ անընդհատ հետաձգվում են, ինչի պատճառով տարիներ առաջ մահացած զինծառայողների գործերն այդպես էլ չեն բացահայտվում:Վերը նշվածի վառ ապացույցը Հայաստանի Տավուշի մարզի զինվորական դիրքերում ինքնաձիգի կրակոցից մահացած 29-ամյա պայմանագրային զինծառայող, հենակետի ավագ Արտակ Նազարյան մահվան դեպքն է:  Հիշեցնենք, որ 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի հարակից զորամասում անհայտ հանգամանքներում մահացել էր լեյտենանտ Արտակ Նազարյանը: Պաշտպանության նախարարությունը տեղի ունեցածը որակել էր որպես ինքնասպանություն, սակայն Արտակի հարազատները չեն հավատում այդ վարկածին, հատկապես, որ Արտակի մարմնի վրա եղել են բռնության բազմաթիվ հետքեր:Արտակի մահից առաջ վերջինիս մայրը` տիկին Հասմիկը, այցելել էր որդուն եւ մի քանի օր մնացել` իմանալով, որ որդին խնդիրներ ունի սպաների հետ: Եւ նա մինչ օրս չի հավատում, որ Արտակն  ինքնասպանություն է գործել:Նշենք նաեւ, որ լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով 4 հոգի է ձերբակալվել, եւ պաշտոնապես հայտարարվել է. «Թիվ 21127 զորամասի զինծառայող, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է N զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Խորենի Մանուկյանը` պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելով Ա.Նազարյանին ծեծի ենթարկելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար: Նույն գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել են թիվ 21127 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Մխիթար Մանվելի Մխիթարյանը, Ադիբեկ Հրաչյայի Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսի Կիրակոսյանը` Ա.Նազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար: Քրեական գործի քննությունը շարունակվում է»:Ի վերջո, հոկտեմբերի 3-ին Շամշադինի Բերդ քաղաքում տեղի է ունեցել Արտակ Նազարյանի գործի դատավարությունը: Արտակի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Թվով 4-րդ նիստը պետք է լիներ, եթե ի սկզբանե այդ նիստերը կայանային: Բայց դատական նիստերը միշտ հետաձգվել են ամեն անգամ մի պատճառաբանությամբ, եթե մեղադրյալները չեն ներկայանում, ուրեմն իրենք չեն բերում, ուրեմն հրահանգը չեն կատարում, ո՞վ կարող է դատավորի ուղարկած ծանուցումը չկատարել, մեզ անգամ տեղյակ չեն պահում, որ դատավարությունը չի լինելու, որեւէ առաջընթաց չկա այս գործում»:Տիկին Հասմիկը նշեց, որ արդեն բաց նամակով փաստեր է ներկայացրել ողջ հանրությանը, որի միջոցով ապացուցել է, որ Արտակին սպանել են. «Պետք է դատավարության ժամանակ նշվեր, որ այդ նամակով բացահայտվում է` հանցագործություն է տեղի ունեցել, եւ կեղծ քննություն է կատարվել, բայց իրենք դա չարեցին, այսինքն` իրենց գործը շարունակում են այնպես, ինչպես իրենք պլանավորել են»:Արտակի մայրն ասաց, որ իրենք ամեն անգամ այդքան ճանապարհ են կտրել, հասել Բերդ քաղաք, բայց երեք անգամ ձեռնունայն են վերադարձել. «Նիստը չի կայանում: Սեյրան Օհանյանն անցած անգամ ասաց, որ ինքը միջնորդություն է ստորագրել, որ գործը տեղափոխեն Երեւան, իսկ երեկ դատավոր Սամվել Մարդանյանը պնդում էր, որ ինքն այդպիսի միջնորդություն չի ստացել»:«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ նշված գործի փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ, ով ասաց. «Մենք միջնորդություն ենք ներկայացրել դատավարությունը Երեւանում անցկացնելու համար, մեղադրյալները գտնվում են Երեւանի քրեակատարողական հիմնարկներում, եւ այդ գործն այստեղ ավելի հեշտ ընթացք կունենա: Մյուս անգամ միջնորդություն ենք ներկայացնելու, որպեսզի գործը քննող դատավորը գործը հանձնի այլ դատարանի»:Պարոն Շուշանյանը հավելեց, որ Արտակ Նազարյանի մահվանն առնչվում են նաեւ այլ անձինք, որոնց մեղադրանք չի առաջադրվել, եւ իրենք ամեն ինչ անելու են, որ այդ մարդկանց եւս մեղադրանք առաջադրվի:«Ժողովուրդ»-ը փորձեց ՊՆ մամլո ծառայությունից իմանալ, թե արդյոք Սեյրան Օհանյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին, տեղեկացանք, որ դատախազությանն Օհանյանի խնդրանք-միջնորդությունը եղել է Արտակ Նազարյանի գործը Երեւան տեղափոխելու համար:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս