Արցախի կարգավիճակի հարցն առաջին պլան չեն բերում. ռուս վերլուծաբան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ռուսական «Կոմերսանտ»-ում ծավալուն հոդված էր հրապարակվել «Երեւանի ցավը Բաքվում չի անցնում. Հայաստանի գերիներին վերադարձնելու Ադրբեջանի դժկամությունը բարդացնում է նույնիսկ Մոսկվայի կյանքը» վերնագրով: Հոդվածում ծավալուն անդրադարձ է առկա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երեւան կատարած այցին եւ տեղի ունեցած հանդիպումներին: Հոդվածը որոշ մանրամասներ է հայտնում բանակցություններից եւ նախանշում այն օրակարգը, որը լինելու է մի քանի օրից Բաքվում կայանալիք ռուս-ադրբեջանական բանակցություններին:

Մասնավորապես, բավականին ծավալուն անդրադարձ կա Բաքվում պահվող հայ գերիների մասով։ Թերթի աղբյուրների խոսքով՝ Ադրբեջանը փորձում է գերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ։ Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային հարցերին։ Այսպես, «Կոմերսանտի» իրազեկ զրուցակիցը պատմել է, որ ադրբեջանական կողմը հարց է դրել իր վերահսկողության տակ հանձնել Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը, որն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների եւ հայ զինվորականների կողմից: Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանն ու միջազգային գործընկերների արձագանքներին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ հայտարարություններում հնչում է բոլոր կողմերից գերիների ազատ արձակման կոչ՝ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները եւ վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին: Ըստ էության, արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի, դրա ձեւաչափի ու բովանդակության շուրջ աշխարհաքաղաքական տարաձայնությունները դիմակայության նոր փուլ են թեւակոխում: Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տարօրինակ համարեց իրավիճակը, քանի որ կա կարգավորման գործընթաց Ռուսաստանի հովանու ներքո: Սակայն, նրա կարծիքով, անցել է այն փուլը, երբ համանախագահներն այս գոտում աշխատում էին աշխարհաքաղաքականությունից անկախ:

«Սա այն փուլն է, երբ հակամարտության վրա մեծ ազդեցություն է ունենում ՌԴ-Արեւմուտք հարաբերությունների ներկայիս վիճակը: Առաջիկայում եւս կասկածի տակ է դնում ԵԱՀԿ ՄԽ մի փոքր արդյունավետ գործունեությունը, նույնիսկ համանախագահների աշխատանքի վերսկսումը, քանի որ հասկանալի չէ՝ ինչի շուրջ են խոսելու: Բայց այստեղ ուզում եմ նշել, որ պաշտոնապես համանախագահներն այս փուլում դեմ չեն խոսել հումանիտար հարցերից միմիայն եւ առաջին պլան կարգավիճակի հարցը չեն բերում: Այն ժամանակ առ ժամանակ շրջանառում են արեւմտյան որոշ պաշտոնյաներ՝ հասկացնելով, որ սա դառնալու է օրակարգային թեմա: Կարծում եմ՝ չկորցնելու համար այս ձեւաչափը, հասկանալով իրավիճակը, ԵԱՀԿ ՄԽ-ն կսկսի աշխատանքը մարդասիրական հարցերից, իսկ հետո կսկսեն քննարկվել ամենախնդրահարույց հարցերը: Ինչպես տեսնում ենք, վերջին հայտարարությունները գերիների եւ ականազերծման մասին են: Այսինքն՝ կարգավիճակի հարցն այսօր կանխորոշում է ԵԱՀԿ ՄԽ ճակատագիրը», – նշեց նա:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս