ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ 1 ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարությունից մեկ տարի է անցել: 44 օր «հաղթելու ենք» կարգախոսով ապրող հանրությունը ցավոտ իրականության մասին տեղեկացավ անակնկալ կերպով: Մոտ 30 տարի հայկական զինված ուժերի վերահսկողության տակ անցած 7 շրջաններից զատ, Ադրբեջանին անցան նաեւ ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութն ու Շուշին, Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, ու Հայաստանը պարտավորվեց իր տարածքով ցամաքային կապ ապահովել Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ։ Ցավալի իրադարձությունից մեկ տարի անց առաջին բանը, որ գալիս է յուրաքանչյուր հայի մտքին, հետեւյալն է. իսկ ի՞նչ ունենք այսօր, ու ի՞նչ դասեր ենք քաղել կամ քաղե՞լ ենք առհասարակ: Տխրահռչակ հայտարարությունից հետո, որի կետերից մեկն էլ ռազմագերիների վերադարձին էր վերաբերում, մինչ օրս Բաքվում շարունակում են գերիներ մնալ: Արցախի տարբեր շրջանների տնավեր դարձած քաղաքացիներն ահազանգում են բնակարային խնդիրների ու առանց սեփական տանիքի դեգերումների մասին: Մեկ տարի անց դեռ անհետ կորածներ ու, ցավոք, անհողաթումբ աճյուններ կան, իսկ ռազմի դաշտում հաշմանդամություն ձեռք բերած զինվորականները ու կամավորները, որ ոտք ու ձեռք են կորցրել, հաշմանդամության կարգ ձեռք բերելու համար ստիպված են սոցապծառայությունների առջեւ հերթ կանգնել: Պատերազից հետո՝ մեկ տարի անց, հարցերի հարցը շարունակում է հետեւյալը մնալ. օդն, ի վերջո, փա՞կ է, թե՞ ոչ: Արդեն, սակայն, ոչ թե Արցախի օդը, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության: Աղետի պես մեր գլխին թափվող անօդաչու թռչող սարքերը, որ ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաեւ թիկունքում մահաբեր անձրեւի պես այրում ու մոխրացնում էին մեր քույրերին ու եղբայրներին, դեռ սպառնո՞ւմ են մեզ, թե՞ հակաօդային պաշտպանության համակարգը ցանկացած պահի կարող է նրանց տեղում չեզոքացնել: Այս ամենի պատասխանը, ցավոք, մինչ օրս «բայրաքթարների» տզզոցի նման օդից կախված է մնում:

 

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կողմից պատասխան է ուղարկվել «Հայաստան» խմբակցությանը՝ նրանց հարցապնդման վերաբերյալ, որը պետք է քննարկվի նաեւ խորհրդարանում: Հարցապնդման մեջ ներկայացված է ԱԺ ընդդիմադիր խմբակցության կողմից ուղարկված վեց հարցի պատասխան: Օրինակ՝ դրանցից մեկով ընդդիմադիր խմբակցությունը ցանկացել է իմանալ Արցախից Հայաստան տեղափոխված անձանց թիվը: Ըստ այդմ, պատասխանի մեջ նշվում է, որ պատերազմի ավարտին Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի քան 91 հազար մարդ: Ապա ընդդիմադիր խմբակցությունը ցանկացել է տեղեկատվություն ստանալ արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած եւ վիրավորում ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց թիվը: Նախարարությունը մեջբերել է Քննչական կոմիտեի տրամադրած տվյալը, ըստ որի՝ պատերազմի հետեւանքով Արցախում եւ Հայաստանում զոհված, անհետ կորած եւ գերի ընկած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 3712 զոհված զինծառայող, 76 քաղաքացիական անձ, 222 անհայտ կորած զինծառայող, 21 քաղացիական անձ, գերեվարված 37 զինծառայող եւ 3 քաղաքացիական անձ: Ապա նշվում է, որ մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն են հանձնվել  գերեվարված ընդհանուր թվով 114 զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանին ՀՔԾ-ն թույլ է տվել դուրս գալ Հայաստանից: Ըստ տեղեկությունների՝ այս որոշումը ՀՔԾ-ն կայացրել է՝ այլընտրանք չունենալով, քանի որ 2 տարի առաջ Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց «ԿԳԲ-ի պադվալ»-ից, իսկ քրեական գործն էլ, ինչպես ցույց են տալիս հանգամանքները, փակուղի է մտել, ասել է թե՝ իրավապահները կալանավորեցին Պետրոսյանին՝ ցույց տալու համար, թե բացահայտել են «Մարտի 1»-ի սպանություններից մեկը: Հիշեցնենք, որ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, թե տեսել է՝ ինչպես է Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա: 2019 թվականի հուլիսի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը հայտնել էր, որ «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը եւ պարկուճը համեմատվել են 2008-ին, նաեւ 2018-ին տրված փորձագիտական եզրակացությունների հետ: Այսինքն՝ կայացված փորձաքննությունների համաձայն՝ ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որեւէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից: Այսինքն՝ չապացուցվեց, որ Գեղամ Պետրոսյանն է սպանել Զաքարյանին: Վերջինս բանտում շուրջ 3 ամիս անցկացնելուց հետո՝ 2019 թվականի օգոստոսի 4-ին, «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց: Ու այս ձախողման ֆոնին նախատեսվում է 120 տոկոսով բարձրացնել դատախազի եւ իր տեղակալների աշխատավարձը:

 

 

Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների քանակը զգալի նվազել է մեկ տարվա ընթացքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցյալ տարվա սեպտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 18 հազար 239 գործարք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում դրանք կազմել են 16 հազար 483, այսինքն՝ 1756-ով պակաս: Սրան զուգահեռ նկատենք, որ Երեւանում բնակարանների գներն են կտրուկ բարձրացել: Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսի մետրը սեպտեմբերին կազմել է 650 հազար 100 դրամ կամ 1350 դոլար, իսկ օգոստոսին այն 635 հազար 300 դրամ էր,  այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը մեկ ամսվա ընթացքում 14 հազար 800 դրամով բարձրացել է: Երեւանի մյուս բանուկ թաղամասում՝ Արաբկիր վարչական շրջանում, բնակարանի մեկ քմ-ի գինը մեկ ամսվա տարբերությամբ բարձրացել է 8200 դրամով. 462 հազար դրամից դարձել է 470 հազար 200 դրամ: Մյուս վարչական շրջաններում եւս բնակարնների գները բարձրացել են. Շենգավիթ վարչական շրջանում սեպտեմբերին բնակարանի մեկ քմ-ի գինը 310 հազար դրամից թանկացել է՝ դառնալով 313 հազար 100 դրամ, Աջափնյակում 318 հազար դրամից դարձել է 320 հազար 100 դրամ, Դավթաշենում 327 հազար 100 դրամից հասել է 330 հազար դրամի: Մասնագետների խոսքերով՝ Երեւանում բնակարանների թանկացումն իր պատճառներն ունի. բնակարանների թանկացմանը նպաստել է Երեւանում եկամտահարկի հետվերադարձի գործընթացի դադարը։




Լրահոս