ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքանով և ում համար կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. փետրվարի 1-ից բաժանորդները միջինը 4․7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կՎտժ-ի համար։ Եվ, բնականաբար, դա կունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ` հանգեցնելով թանկացումների հսկայական շղթայի: Կարելի է ասել, որ այդ էֆեկտն արդեն իսկ զգալի է, քանի որ որոշ տնտեսվարողներ դեռ էլէներգիայի սակագինը չբարձրացած` արդեն սկսել են թանկացնել իրենց արտադրանքը:

Տեղեկացնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս նախորդ տարեվերջին քննարկել եւ սահմանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք գործելու են այս տարվա փետրվարի 1-ից:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ։ Իսկ ահա ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով, ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով։ Նշենք, որ մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ էլէներգիայի թանկացման հիմնական պատճառները ատոմակայանի համար վերցված վարկերի բեռն ու «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված պարտավորություններն են։ Խոսքը ատոմակայանի արդիականացման համար վերցված 270 միլիոն դոլարի վարկի մասին է։ Բացի այս, նշենք, որ դեռեւս 2013 թվականին կնքված պայմանագրով Հայաստանը պարտավորվել էր ապահովել ռուսական <Գազպրոմին> պատկանող Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար կատարված ներդրումների վերադարձն ու շահութաբերությունը։

Բայց պարզվում է, որ ոչ միայն գումարը չի վերադարձվել, այլև ընկերության վարկային բեռն է մեծացել։ արդյունքում ՀՀ եւ ՌԴ կառավարությունները որոշել են, որ Հայաստանն այս տարվա փետրվարի 1-ից սկսած 10 տարի ժամկետով «Գազպրոմին» տարեկան շուրջ 32 միլիոն դոլար է տրամադրելու։ Ասել է թե՝ այդ վարկը փակելու է ՀՀ քաղաքացին՝ վճարելով էլէներգիայի համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․Հ․




Լրահոս