ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ փոփոխություն է սպասվում ԱՊՊԱ ոլորտում․ վարորդները խիստ զայրացած են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ԱՊՊԱ ոլորտում սակագները բարձրանալու են: Ավելին, այս խնդրի շուրջ վարորդները մտադիր են առաջիկայում բողոքի ակցիաներ իրականացնել:

ArmLur.am-ը ավտոապահովագրողների բյուրոյից տեղեկացավ, որ սակագինը բարձրանալու է 3000 դրամով: Այս որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 7-ից:
Այսպես, Բյուրոյի որոշմամբ՝ հիմնական և բազային ապահովագրավճարի տարեկան վերին շեմ ամրագրվել է 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ապահովադրի կողմից տվյալ ավտոմեքենայի գծով կնքված վերջին ԱՊՊԱ պայմանագրում նշված բազային ապահովագրավճարին գումարած 3000 դրամը, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքերի համար սահմանվել է, որ պետք է հիմք ընդունվի միասնական 41 հազար դրամ շեմը։

Ի դեպ, որոշվել է հանել հիմնական և բազային ապահովագրավճարների ստորին շեմը, որը թույլ կտա մրցակցության արդյունքում հետագայում նվազեցնել գործող սակագները:
Ըստ Բյուրոյի՝ վերջին տարիներին դիտվում է ԱՊՊԱ ոլորտում ծառայությունների մատուցման որակի նվազում. մասնավորապես գրանցվում են վնասների թերագնահատման, վճարումների ուշացման դեպքեր և այլն։ Այս ամենի արդյունքում կատարված հաշվարկները ցույց են տվել, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 դրամով, ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։ Դա կապահովի ապահովագրական ընկերությունների ծախսածածկումը և հասարակությանը մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակը։

Արձանագրենք, որ վարորդները վերջին տարիներին չեն դադարում դժգոհել ապահովագրական ընկերությունների «անպատասխանատու եւ թերի» գործելաոճից։ Բանն այն է, որ ապահովագրական ընկերություններին երբեւէ չի հաջողվում բավարարել վարորդների պահանջները: Վարորդների պատմելով, վերջին շրջանում ապահովագրական ընկերության ներկայացուցիչը չի բարեհաճում անգամ վթարներին գնալ, իսկ եթե գնում են, ապա բավականին ուշացած։ Արդյոք 3000 դրամի չափով սակագնի բարձրացումը կզգոնացնի կամ կսթափեցնի ապահովագրական ընկերությունների աշխատակիցներին, ցույց կտա ժամանակը։

Ս․ Հ․




Լրահոս