Իշխանության ՄԻՊ թեկնածուին ոչ ոք չի ճանաչում, նա հասարակության համար ընկալելի կերպար չէ. Լարիսա Ալավերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, իշխող ՔՊ խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում կառաջադրի Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը, որը նաև դատախազի մտերիմ ընկերուհին է:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն ընգծում է՝ իշխանության ՄԻՊ թեկնածուին ոչ ոք չի ճանաչում, հասարակության համար ընկալելի կերպար չէ, նրան ընկալում են միայն որպես քաղաքական թիմի անդամ.

«Այն, որ ինքը գլխավոր դատախազի տեղակալն է, դա Սահմանադրության կամ օրենքի խախտում չէ, որևէ խնդիր չէր լինի, եթե թեկնածուն հայտնի լիներ իր իրավապաշտպան գործունեությամբ և վստահություն վայելեր հասարակության կողմից, դա սահմանադրական պահանջ է, քմահաճույք չէ: Սահմանադրական այդ պահանջն ունի շատ խորը արմատ, այն է՝ եթե այդ անձը հայտնի է ու վայելում է հանրության վստահությունը, այսպիսով նա անկախության երաշխիք է ձեռք բերում, ինչն ամենակարևորն է ՄԻՊ-ի համար»,-ասում է Ալավերդյանը:

Զրուցակիցը նկատում է՝ արդեն երկրորդ անգամ է ՝ հասարակության համար ընկալելի լինելու պահանջը բացեիբաց խախտվում է՝ և՛ Քրիստիննե Գրիգորյանի, և՛ Անահիտ Մանասյանի դեպքում. «Այս անձինք, ի սկզբանե չհամապատասխանելով սահմանադրական պահանջին, արդեն իսկ կաշկանդված են: Այս դեպքում կախվածությունը թե՛ գործադիրից, թե՛ իշխող քաղաքական ուժից շատ մեծ է լինում: Այսինքն՝ խնդիրը ոչ թե այն է, թե ինչ պաշտոն է զբաղեցրել, այլ այն, որ հասարակության կողմից ճանաչված չէ, չունի հասարակական վստահություն, ինչն անկախության ամենամեծ երաշխիքն է: Ես իմ օրինակով կարող եմ ասել, լինելով ՀՀ առաջին ՄԻՊ, իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման էի ենթարկվում, ինձ համար կարևոր էր հասարակության վստահությունը, իսկ հասարակությունն ինձ վստահում էր, և երբ ակնարկում էին՝ արդյո՞ք չեմ ուզում հրաժարական տալ, պատասխանում էի՝ իհարկե ոչ, ես հասարակության կողմից վստահություն եմ վայելում, պատասխանատվություն եմ կրում նրանց առաջ»,-ասում է Լարիսա Ալավերդյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս