ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սկսել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման նպատակով փաստաթղթերի հավաքագրման գործընթաց: Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների համար այս գործընթացը ենթադրում է հավելավճար ստանալու հնարավորութուն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը նշեց, որ աշխատանքները տարբեր փուլեր են անցնում: Նախ՝ նախակրթական հասատատությունների մանկավարժները պարտադիր պետք է վերապատրաստվեն, այնուհետեւ արդեն կամավորության սկզբունքով մանկավարժը կարող է դիմել տարակարգի՝ հավելավճար ստանալու համար:

 

«Վերապատրաստումն իրականացվում է բացառապես պետական բյուջեի հաշվին: Մանկավարժը պարտադիր վերապատրաստվելուց, սահմանված բնութագրիչներին համապատասխանելուց հետո կարող է ներկայացնել փաստաթղթերը հավելավճար ստանալու համար: Հավելավճարի չափը կախված է, թե մանկավարժը քանի բնութագրիչի է համապատասխանում»,- ասաց Թեհմինե Կարախանյանը:

Ստուգվում է նախ մանկավարժի գործնական աշխատանքը՝ ինչ տիպի աշխատանքով է տարբերվում իր կոլեգաներից, ինչպես է կազմակերպում երեխաների ընտանիքների հետ համագործակցությունը, ինչպես է պլանավորում իր պարապմունքները եւ այլն: Ընդհանուր սահմանված է 9 բնութագրիչ: Առաջին աստիճանի դեպքում մանկավարժը պետք է համապատասխանի 3-ից ոչ պակաս բնութագրիչի, երկրորդ աստիճանի դեպքում՝ 5 բնութագրիչի, 3-րդ աստիճանի դեպքում՝ 7 եւ ավելի բնութագրիչի:

Այսօր մանկավարժների աշխատավարձը տատանվում է 70 000-100 000 դրամի սահմաններում: Առաջին աստիճանի տարակարգի դեպքում հավելավճարը կազմում է նվազագայուն աշխատավարձի 30 տոկոսը, երկրորդ աստիճանի դեպքում՝ 40 տոկոսը, երրորդ աստիճանի դեպքում՝ 50 տոկոս:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության եւ մեթոդիկաների ամբիոնի դասախոս, Երեւանի թիվ 6 մսուր-մանկապարտեզի մեթոդիստ Իրինա Պոնոմարենկոն նշեց, որ հավելավճար ստանալու հնարավորությունը բավական մոտիվացնող է:

«Շատ սպասված փոփոխություն է, վերջապես մանկավարժները կարող են ցույց տալ իրենց կատարած աշխատանքը, գնահատվեն: Այսօր նախատսվում է նաեւ վերապատրաստման ծրագիր ֆիզկուլտ-հրահանգիչների, երաժշտության դաստիարակների, մեթոդիստների համար»,-ասաց Իրինա Պոնոմարենկոն:

Արեւիկ Նիկողոսյանը գործող մանկավարժ է, աշխատում է Չարենցավանի «Հրաշք» մսուր-մանկապարտեզում: Կարեւորելով նման նախաձեռնությունը՝ նշեց, որ ինքը պատրաստվում է դիմել հավելավճար ստանալու համար:

«Շատ ողջունելի է, որ այսքան տարի անց նման հնարավորություն կա: Ես շահագրգիռ եմ այս հարցում ու պատրաստվում եմ մասնակցել: Չորս բնութագրիչի համապատասխանում եմ: Ասեմ, որ դաստիարակների շրջանում ոգեւորություն կա, բոլորն էլ դրական են գնահատում: Լավ հնարավորություն է կրթվելու, վերապատրաստվելու եւ հավելավճար ստանալու համար»,-ասաց Արեւիկ Նիկողոսյանը:

Մանկավարժներն ազատ են հավելավճարի համար դիմումներ ներկայացնելու հարցում: Որեւէ վերջնաժամկետ այդ առումով նախատեսված չէ:

Վերը նշված հնարավորությունը միակը չէ, այն բարեփոխումների ընդհանուր գործընթացի մի բաղադրիչն է: Նախակրթական համակարգում բարեփոխումները նախանշված են մի քանի ուղղություններով՝ մանկապարտեզաշինություն, մասնագիտական որակի բարձրացման վարձատրության ներդրում, նախադպրոցական կրթության բովանդակության վերանայում:

 

 

 

ԲՈԼՈՐ ԿԵՏԵՐԸ ՎԵՐԱԾԵԼ Է ՔՐԵԱԿԱՆԻ

Մանհեթենի օկրուգային դատախազ Էլվին Բրեգի գրասենյակը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքի բոլոր 34 կետերը վերաորակավորել է քրեականի. տեղեկացրել է Yahoo News պորտալը՝ հղում կատարելով քննության մանրամասներին ծանոթ աղբյուրին։

 

«Գործնական փաստաթղթերի կեղծման մեղադրանքը կարող է Նյու Յորքի նահանգում հետապնդվել որպես զանցանք։ Բրեգի գրասենյակը բոլոր մեղադրանքները հասցրել է E դասի հանցագործությունների մակարդակի, որոնք Նյու Յորքի նահանգի քրեական օրենսգրքում համարվում են հանցագործությունների ցածր մակարդակ։

Այս միջոցն ընդունվել է այն պատճառով, որ նախկին նախագահի գործողությունները, իբր, ուղղված են եղել մեկ այլ հանցագործությունը թաքցնելուն։

Ինչպես նշվել է հոդվածում, նահանգի քրեական օրենսգքրի համապատասխան՝ E դասի հանցագործությունը՝ կապված գործնական փաստաթղթերի կեղծման հետ, կարող է պատժվել չորս տարի ազատազրկմամբ։ Ինչպես ընդգծել է պորտալի զրուցակիցը, գործնական տեսակետից իրադարձությունների զարգացման այդ տարբերակն այնքան էլ հավանական չէ։

«Ոչ ոք բանտում չի հայտնվում՝ խախտելով օրենքն առաջին անգամ»,- բացատրել է աղբյուրը։

Թրամփը մեկ ժամ առաջ հայտարարել էր, որ երեքշաբթի իրեն Նյու Յորքի դատարանում ներկայացնելու են մեղադրանքներ 33 կետերով, ընդ որում՝ դրանցից ոչ մեկն իր համար անակնկալ չէր։ Նախկին նախագահի իրավաբան Ջո Տակոպինան «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է, որ բոլոր մեղադրանքները հենվում են նույն գործի վրա։

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ երեքշաբթի Նյու Յորքի դատարանում պատրաստվում են Թրամփին ներկայացնել առնվազն մեկ քրեական մեղադրանք։ Ենթադրվում է, որ խոսքը պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի մասին է, որին, իբր, խոշոր գումար են վճարել, որպեսզի լռի Թրամփի հետ իրեն վերագրվող սիրավեպի մասին։

 

 

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾԵԾԻ ԳՈՐԾ

Ապրիլի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ,  նշանակված է Իջեւան համայնքի Խաշթառակ գյուղի բնակիչներ՝ հայր եւ աղջիկ Սամվել եւ Մարիաննա Հակոբջանյանների դատավարության առաջին նիստը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում,  Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում իրեն պատկանող առանձնատանը իր հանգիստը խանգարելու պատճառով մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ ձեռքով հարվածել է իր անչափահաս թոռանը՝ 2014թ. հունվարի 13-ին ծնված Սերգեյ Անուշավանի Հակոբջանյանի դեմքին, ինչի հետեւանքով վերջինս վայր է ընկել ննջասենյակի հատակին, գլխով հարվածելով բազմոցի ոտնակին՝ ստացել է առողջության ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, որն էլ անզգուշությամբ առաջացրել է Սերգեյ  Հակոբջանյանի մահը. վերջինս  ստացած մարմնական վնասվածքներից 2020 թվականի օգոստոսի 25-ին  Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է։ Բացի այդ, Սամվել Հակոբջանյանը 2020թ. օգոստոսի 16-ի երեկոյան Խաշթառակ համայնքում գտնվող, իրեն պատկանող առանձնատան բակում իր վրա անվադող նետելու համար մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ փայտով մի քանի անգամ հարվածել է անչափահաս թոռանը՝ 2016թ. սեպտեմբերի 19-ին ծնված Նաիրի Ղալումյանի մարմնի տարբեր մասերին, ապա վեր բարձրացրել նրան եւ  գցել հատակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։ Մարիաննա Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մինչեւ 2020թ. օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար տարբեր կենցաղային առիթներով դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով  բազմաթիվ հարվածներ է հասցրել իր անչափահաս երեխաների՝ 016թ. սեպտեմբերի 19-ին ծնված Նաիրի Դավթի Ղալումյանի, 2014թ. ապրիլի 4-ին ծնված Նարե Դավթի Ղալումյանի, 2011թ. հունիսի 29-ին ծնված Նարեկ Դավթի Ղալումյանի, 2018թ. ապրիլի 13-ին ծնված Նիկ Էդգարի Անտոնյանի եւ եղբոր անչափահաս որդիների՝ 2014թ. հունվարի 13-ին ծնված Սերգեյ Անուշավանի Հակոբջանյանի,2016թ. հունիսի 30-ին ծնված Արտյոմ Անուշավանի Հակոբջանյանի մարմնի տարբեր մասերին։ Սամվել Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ, 15-րդ կետերով,167 հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 9-րդ կետերով եւ 196 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով։ Մարիաննա Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել 196 հոդվածի 2-րդ մասով։ Սամվել Հակոբջանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը, Մարիաննա Հակոբջանյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս