Armlur.am-ը ահազանգ է ստացել Ջրվեժի 16-րդ փողոցի 1-ին փակուղու բնակիչներից: Բանն այն է, որ շուրջ 3 օր է այդ հասցեում ջուր չկա:
«Մենք 3 օր է` ջուր չունենք։ Ամեն տարի ամռանը 3-4 օրով անջատում են մեր ջրերը և չեն պարզաբանում, թե ինչու։ Ես գրավոր նամակ եմ գրել Վարչապետի աշխատակազմին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, բայց ոչ մի քայլ չի արվում այդ ուղղությամբ։
Խոսել եմ նաև «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության հետ, որը պատասխանել է, թե ձեր ջրի պոմպը գտնվում է 13-րդ թաղամասում ու բնակիչները գնում են, կա՛մ կտրում են հոսանքի լարերը, կա՛մ ջարդում են դուռը և անջատում են ջուրը: Թող բացահայտեն՝ ինչ է կատարվում, քննություն իրականացնեն»,-մեզ հետ զրույցում հայտարարեց այդ թաղամասի բնակիչ Էդուարդ Հինյանը:
Մեր զրուցակիցը վրդովված հայտարարեց, որ իրենց պարզաբանում են, թե ջուրը «Ջրաշխարհ»-ին են տալիս, դրա համար իրենց ջրերն «անջատում» են: Մեզ զանգահարած քաղաքացիները նշում էին, որ իրենք անելանալի վիճակում են հայտնվել ու խնդրում էին քայլեր ձեռնարկել՝ հարցին լուծում տալու համար: Armlur.am-ը փորձեց կապ հաստատել նաև «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատուների հետ, սակայն ապարդյուն: Մեր հեռախոսազանգերին ոչ ոք չի արձագանքում: Ստացվում է` այս ընկերության անգործության պատճառով բնակիչները խայտառակ վիճակում են հայտնվել` շոգ, ամռան թեժ օրերին զրկված են ջրից:
Ինեսա Սուքիասյան