Նախագահական ընտրություններին չմասնակցելով՝ ինչպե՞ս է ՀԱԿ-ը քաղաքական օրակարգ թելադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Armlur.amի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթը հակասական որակեց: Ըստ նրա՝ ելույթում առկա էին գնահատականներ, որոնք միանշանակ ընդունելի էին, կային այնպիսիք, որոնց հետ նա բացարձակ համաձայն չէ:

«Ընդունելի է այն միտքը, որ միասնական պայքար է պետք, ինչը «Ժառանգությունը» ասում էր տարիների ընթացքում. վերջապես մեր քաղաքական  գործընկերները ևս այդ համոզման եկան:

Սակայն կային մտքեր, որոնք ընդունելի չէին: Օրինակ այն, որ Մաքսային միությունից այն կողմ այլ ճանապարհ չկա: Այսինքն՝ գործընթացն անշրջելի է»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ իրականում այդ գործընթացը շրջելի է:

Ըստ նրա՝ իշխանափոխությունից հետո ընտրված իշխանությունները կորոշեն իրականացվող քայլերի հաջորդականությունը: Անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հռետորական հարցադրմանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինչով է պակաս Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիից, «Ժառանագության» փոխնախագահն ասաց.

«Անընդունելի էր ինձ համար, որ մինչև հիմա, հատկապես՝ վերջերս, միայն ՀԱԿ-ն է քաղաքական օրակարգ թելադրել: Հետաքրքիր է՝ նախագահական ընտրություններին չմասնակցելով՝ ինչպե՞ս է ՀԱԿ-ը քաղաքական օրակարգ թելադրում: Երևի թե մոռացել են, որ ԱԺ-ի նախորդ գումարման ժամանակ «Ժառանագությունը» միայնակ կարողանում էր ընդդիմության շահը ներկայացրել»,-նկատեց Արեմն Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ սխալ է ասել, թե որևէ աշխատանք հիմա է իրականացվում: Չնայած դրան՝ Մարտիրոսյանը դրական համարեց քաղաքական ոչ կոալիցիոն ուժերի համագործակցությունը:

Զրուցեց Լիլիթ Լալայանը




Լրահոս