ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստին ներկայացրեց ծրագիր, համաձայն որի՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների նոր չափեր կսահմանվեն:

 

«Ոլորտում ունենք կրթաթոշակային քաղաքականություն. պետական բյուջեից միայն բուհերում կրթաթոշակների համար տարեկան տրամադրվում է շուրջ 846 միլիոն դրամ, սակայն դա որեւէ կերպ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար, որովհետեւ մեկ ուսանողին հատկացվող ամսական կրթաթոշակը տատանվում է 4-5 հազար դրամի սահմաններում: Որպեսզի ավելի նպատակային իրագործենք այս ծրագիրը, պետք է վերանայենք կրթաթոշակային քաղաքականությունը՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող ուսանողի կրթաթոշակի չափը եւ հստակեցնելով կրթաթոշայի տրամադրման պայմաններն ու պահանջները»,- նշեց նախարարը:

Անդրեասյանի խոսքով՝ նախագիծը 2 հիմնական ուղղություն է նախատեսում. մասնավորապես, պետության համար կարեւոր եւ առաջնահերթ մասնագիտությունների սահմանման միջոցով կավելանա ոլորտում սովորողների թիվը:

«Ոլորտում ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում կարիք ենք ունենալու մեծ թվով երիտասարդ ուսուցիչների, որպեսզի այս առարկաները դպրոցներում դասավանդվեն: Առաջարկում ենք ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ, գերազանց առաջադիմության պարագայում՝ 77 հազար դրամ, որը, կարծում ենք, էական ազդեցություն կունենա այս ուղղությամբ ուսանողների թվի աճի վրա՝ հատկապես հաշվի առնելով, որ նրանց մեծ մասը մարզաբնակ են եւ լրացուցիչ սոցիալական խնդիրներ կարգավորելու կարիք են ունենում: Այս ուղղությամբ սովորող բոլոր ուսանողներն առաջին տարին կստանան կրթաթոշակը, երկրորդ տարուց կգործի առաջադիմության շեմ: Նախատեսում ենք, որ այս տարի կունենանք 58 շահառու բակալավրիական կրթական ծրագրերով եւ առավելագույնը՝ 69-ը մագիստրոսական»:

Հավելենք, որ նախարարը նախատեսում է սահմանել կրթաթոշակ նաեւ հաշմադամություն ունեցող ուսանողներին:

Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով նախագծին նշեց, որ կրթությունը պետք է կենտրոնանա կրթության վրա, եւ եթե մարդը սոցիալական խնդիր ունի, դրանով թող զբաղվի Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունը:

«Մենք կրթությունը չպետք է դեֆորմացնենք: Կարող ենք ասել՝ եթե լավ ես սովորում, մի հատ էլ այլ խնդիրներ ունես, որ քո կրթական պայմանները ապահովեն, լրացուցիչ գործակիցներ կարող ենք ավելացնել տարբեր հանգամանքներով: Ցավոք, ընկալում կա, թե համալսարանը մի տեղ է, որտեղ գալիս ես, դեմը մի 2 տուփ ծխախոտ ծխում ու գնում տուն. դա մենք պիտի արմատախիլ անենք»:

Փաշինյանը նշեց, որ կրթաթոշակ պետք է ստանան նրանք, ովքեր լավ են սովորում, ոչ թե ովքեր անապահով են։

 

 

 

 

ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

Երեկ գործադիրն ընդունեց որոշում, որով նախատեսվում է 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 21 ճանապարհահատվածի, 2022 թ.-ից անավարտ 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների, 18 ճանապարհահատվածի եւ 3 տրանսպորտային օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, 21 ճանապարհահատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների, 2 ճանապարհահատվածի լրացուցիչ աշխատանքների, ավարտված 4 ճանապարհահատվածի ընդունման եւ 5 տոկոսի վճարման (ԳՉԾ) համար նախատեսել ֆինանսական միջոցներ, ինչպես նաեւ թույլատրել կապալի 1 պայմանագրում կատարել փոփոխություններ։

 

Հիմնանորոգվող ավտոճանապարհի ընդհանուր երկարությունը 81.0 կմ է, ընդհանուր գումարը 8,972,683,160 դրամ է:

Մասնավորապես, իրականացվում են Աշոցքից դեպի Բավրա 11,5կմ ճանապարհահատվածի, Վայքից Զառիթափ  7.5 կմ հատվածի,  Գորիսից Կապան 4 կմ  ճանապարհահատվածի, Կարբի- Օհանավան 5.8 կմ հատվածի, Ազատամուտի տարածքում 3.96 կմ հատվածի, Վերին Պտղնի- Ջրվեժ 8.2կմ ճանապարհահատվածի, Ջրվեժից Խարբերդ 9.5կմ ճանապարհահատվածի, Հրազդանի տարածքում 4.2 կմ հատվածի, Չարենցավանից  Ֆանտան 2.3 կմ  հատվածի, Արագյուղ – Հարթավան 1.3 կմ հատվածի (Երնջատափ գյուղը շրջանցող հատված), Թթուջուր-Նավուր ավտոճանապարհի (2-րդ տեղամաս – 25 կմ), Ագարակաձորից դեպի Գնիշիկ 12կմ ճանապարհահատվածի, Ծիլքարից դեպի Լեռնապար 3.8 կմ հատվածի, Ներքին Բազմաբերդ- Կաքավաձոր  ավտոճանապարհի 4.1 կմ հատվածի, Ակնալիճ – Արեւիկ 3.6 կմ հատվածի,  Արագյուղ – Քարաշամբ ավտոճանապարհի 3.7 կմ երկարությամբ հատվածի, Հ-36 ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրից դեպի զորամաս տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ:

Նշենք նաեւ, որ նախատեսվում են Մուսալեռից Մեծամոր հատվածի մի մասում ջրահեռացման համակարգի, Արծվաբերդի հատվածում փլուզված հողային պաստառի վերականգնման աշխատանքներ:

Հավելենք, որ ավարտվել են Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Բազում, Պուշկինի թունել 4,954 կմ հատվածի,   Ճամբարակ – /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մ-4 – Աղավնավանք 11 կմ հատվածի, Հ-93, /Հ-75/ – Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.7 կմ հատվածի, Գյումրի  – Արեւիկ – Այգեբաց – Վարդաքար   մարզային նշանակության ավտոճանապարհի Այգեբաց, Վարդաքար 5.76 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

 

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Արցախի առողջապահության ու Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունների համատեղ ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ից (առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 14:00-ն) կտրամադրվի սննդամթերքի եւ հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն հանրապետությունում հաշվառված հղիներին:

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ նշված օգնությունը ստանալու համար պետք է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ Արցախի Հանրապետության ԱՆ «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ՝ համապատասխան տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի մոտ:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին դեռեւս չի հասցվել նշված օգնությունը: Առաջկա օրերին կկազմակերպվի գործընթացը, եւ շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից»,- տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Ներկայացվել է նաեւ փաթեթներում ներառված ապրանքների եւ հիգիենայի պարագաների ցանկը, որը ներառում է ձեթ, շաքարավազ, բրինձ, հնդկաձավար, ոսպ, հաճար, մակարոնեղեն, սպագետի, թեյ, շոգեխաշած տավարի միս, անձեռոցիկ, ատամի մածուկ եւ օճառ։

 

 

 

 

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից, ՀՀ ջրային օրենսգրքի եւ ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217-Ն եւ  03.08.2023թ.  N1332-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է Արագածոտնի մարզի  Աշտարակ համայնքի վարչական տարածքում Վլադիմիր Երվանդի Մկրտչյանի կողմից ձկնաբուծական նպատակով Քասախ գետից 30.0 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:

Բոլոր շահագրգիռ անձինք, որոնք կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին եւ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին՝ ժամը 17:00-ից – 18:00-ն դիմել Ջրային ռեսուրսների կառավարման  եւ պահպանության  մարմին  (հասցե՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 29-ին՝

ժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն

 




Լրահոս