ԲՈԼՈՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ, ԲԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս անգամ էլ էր անտեղյակ կամ անտեղյակ ձեւացավ լրագրողների մոտ։ Կառավարության նիստից հետո, երբ նրան հարցրել են Առողջապահական տեսչական մարմնի բժշկական օգնության եւ սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի կալանավորման դեպքից, Ավանեսյանը շտապել է հայտարարել. «Ճիշտն ասած, այս պահին ոչինչ  չունեմ ասելու: Ես տեղյակ չեմ, որ Քրիստինա Աբրահամյանին կաշառք տվող կինը վերջերս ձեռք է բերել ֆիզիոթերապիայի ինստիտուտը»։

Հայտարարել է ու հեռացել լրագրողներից։ Մինչդեռ, առողջապահության նախարարը պետք է արդեն տեղեկացված լիներ դեպքի մանրամասներից, դեռ ավելին՝ ֆիզիոթերապիայի ինստիտուտի ճակատագրից։ Չենք բացառում, որ նա տեղյակ է, բայց լրագրողների մոտ չի ցանկացել անկեղծանալ։ Սա էլ է տարեբրակ, որովհետեւ լրագրողները կարող է մի քանի հարց տային, ու հիմնավորվեր, որ Ավանեսյանը չի տիրապետում իր գլխավորած ոլորտին, իր թիկունքում ով ինչ ուզում, անում է, կամ, ընդհակառակը, նա հովանավորում է:

Առողջապահական համակարգում մի սկանդալ էլ կապված է 44-օրյա պատերազմից հետո 2-րդ ԴՆԹ սեկվենատորի ձեռք բերման գործընթացի հետ: Այս գործով եղավ ձերբակալություն, թեեւ բանը կալանքի չհասավ։ Բայց այս դեպքում էլ Անահիտ Ավանեսյանը եղել է առողջապահության փոխնախարար, ավելի ճիշտ՝ նախարարի առաջին տեղակալը, որի համակարգման ոլորտում են եղել նման հարցերը։ Ավանեսյանը կրկին լռում է։

Ու այս պատմություններին զուգահեռ, Ավանեսյանը շարունակում է պաշտոնավարել՝ ոլորտի ձախողումների ու բացթողումների մեղքը փորձելով այլոց վրա գցել, ինչպես եղավ փոխնախարար Արմեն Նազարյանի հետ, որին փետրվարի 23-ի որոշմամբ, ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ազատեց աշխատանքից, թեեւ վաղուց էին ասել՝ դիմում գրիր գնա։ Ավանեսյանը պաշտոնավարում է, որովհետեւ հասկացել է՝ պետք է Նիկոլ Փաշինյանին անվերապահ ենթարկվել, երբեք չհակառակվել, կուսակցական ու ոչ կուսակցական միջոցառումներին էլ որքան հնարավոր է շատ մասնակցել, աչքի ընկնել ակտիվ կոմերիտականի նման։

Դա է պատճառը, որ առողջապահական ոլորտը այս վիճակում է։

 

 

 

 

Երեկ կառավարության նիստում Փաշինյանը հարկ չվճարողներին տողատակով հորդորեց քայլել Զանգուի ձորով եւ խոտածածկ տարածքով։ Հարկ չվճարողների շարքը թվարկելիս առանձնացրեց նաեւ շոուբիզնեսի ներկայացուցիչներին, որոնք գնում են երկրից դուրս հարկերով սարքված ասֆալտի վրայով, իսկ իրենք հարկ չեն վճարում։ Վարչապետ Փաշինյանը հարկում է բոլոր աշխատողներին Հայաստանից մինչեւ արտասահման, սակայն սեփական սիրելիներին ազատում է հարկ վճարելու պարտավորությունից։ Վերջերս սուրճի եւ հրուշակեղենի խոշոր ներմուծող «Վենդա» ՍՊԸ-ն՝ հայտնի «Չայկոֆ» խանութների ցանցը, ՊԵԿ-ի կողմից ստացել է «օրինապահ հարկ վճարողի» կոչում (ներկայացնում ենք փաստաթուղթը), բայց մյուս կողմից՝ ՊԵԿ-ի հետ օրգանապես կապված Ֆինանսների նախարարության կողմից ճանաչվում է «գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող» հարկատու, այլ կերպ ասած՝ հայտնվում է պետական գնումների սեւ ցուցակում։ Տեղեկացնենք, որ այս ընկերության հետ նախորդ տարվա ընթացքում պայմանագրեր են կնքել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, «ՀՀ Սեւանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ն, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն եւ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն։ Ծառայությունների արժեքը կազմել է, օրինակ՝ 1 մլն 380 հազար դրամ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի հետ։ Գնումը եղել է մեկ անձից, իսկ գնման առարկան եղել է նվեր, որն իր մեջ ներառել է 375 փաթեթ, որից յուրաքանչյուրը ներառում է 2 տուփ թեյ, 2 տուփ սուրճ եւ մեկ շոկոլադե սալիկ, ինչպես նաեւ 50 տուփ սուրճ։ 2024 թվականին, այս ընկերության հետ կատարված գնումներ դեռ չկան։

 

 

 

Նիկոլ Փաշինյանի աջակիցների հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը տապալվել է: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունվարի 26-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները նոր շարժում են ձեւավորվել՝ «Վարդանանք» անվամբ, ու պատրաստվում են  փետրվարի 24-ին ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը: Գրել էինք նաեւ, որ ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանք նախապես դիմել են Էջմիածնի քաղաքապետարան՝ ընդդեմ Վեհափառի ակցիա իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանը մերժել է ու թույլ չի տվել ակցիա իրականացնել: Տեղեկացանք, որ փոխարենը ընդդիմադիր տարբեր գործիչներ՝ «Մայր Հայաստան»  դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը, «Զարթոնք» կուսակցության նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը, Էջմիածին քաղաքի ավագանու «Էջմիածին» ընդդիմադիր խմբակցությունը եւ Վեհափառի աջակիցները պատրաստվում են Մայր Աթոռում միջոցառումներ իրականացնել՝ ի աջակցություն Վեհափառի:

 

 

 

Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից  դատարան չեն կարողանում  բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նիստը 5 րոպեից հետաձգելու եմ, ուրիշ գործով նիստ ունեմ, կալանավորին կարող եք հետ տանել»։ Դատավորի դժգոհությանը միացել էին նաեւ գործով մասնակցող փաստաբաններն ու դատախազը՝ ասելով, որ համատարած այս վիճակն է։ Կալանավորի ներկայությունը դատական նիստերին ապահովելը պետության պոզիտիվ պարտավորությունն է, որը չի կատարվում։ Մեկ գործով ուշացումը շղթայաբար տարածվում է հաջորդների վրա, եւ խախտվում է օրվա աշխատանքային գրաֆիկը։ Փաստաբանները դատարանին խնդրեցին միջնորդագիր ուղարկել ՔԿՀ։ Երեկ էլ Հակակոռուպցիոն դատարանում փաստաբան Հայկ Ալումյանն ու Լիպարիտ Սիմոնյանն էին զայրացած։ Պատճառը նույնն է. չկա անձնակազմ, որ կալանավորին բերեն դատարան կամ բերման ենթարկեն վկային ու բերեն դատարան։ Կարճ ասած, մի կողմից ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դատավորներին մեղադրում է դատական նիստերը երկարաձգելու մեջ, մյուս կողմից՝ չի նպաստում, որ պետությունն իր պոզիտիվ պարտականությունները կատարի։

 




Լրահոս