ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ կտա հայ-ամերիկյան ռազմական համագործակցության փաստաթուղթը Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն:

Բլինքենը նշել է, որ այս փաստաթուղթը կարևոր հանգրվան է երկու երկրների հարաբերություններում և հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցությունը առանցքային ոլորտներում․

  1. Տնտեսական համագործակցություն
  2. Անվտանգություն և պաշտպանություն
  3. Ժողովրդավարության, արդարադատության և ներառականության ամրապնդում

Բացի այդ, հայտարարվել է, որ ԱՄՆ-ը և Հայաստանը կսկսեն բանակցություններ՝ աջակցելու Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտին։

Միրզոյանը իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը երկրի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ նոր փաստաթղթում ամրագրված հավակնոտ նպատակների իրականացման համար:

Ստորագրումից հետո Հայաստանում այս փաստաթղթի դեմ արշավ սկսվեց։ Շատ քաղաքագետներ պնդում են, որ սա բացասական քայլ է հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման համար։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն էլ գրում է, որ այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին, որոնք հունվարի 17-ին Մոսկվայում համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են պատրաստվում ստորագրել։

«Հայ-ամերիկյան փաստաթղթի ուշադիր ընթերցողը կտեսնի, որ այնտեղ Իրանին ու Ռուսաստանին անհանգստացնող (եթե չասենք՝ սպառնացող) բազում դրույթներ կան։ Ստորագրված կանոնադրությունը, ըստ էության, Հայաստանը դարձնում է տարածաշրջանում ԱՄՆ վերահսկողական ծրագրերի իրականացման գործիք, որն ամեն պահ կարող է օգտագործվել թե՛ Մոսկվայի և թե՛ Թեհրանի դեմ։ Իսկ սա առնվազն նշանակելու է հակազդեցություն»,- գրում է Վարուժան Գեղամյան։

Բլինքենը հավելել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա:

Նա նաև նշել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Իսլամական պետության դեմ պայքարի գլոբալ կոալիցիային, ինչը ցույց է տալիս երկրի հանձնառությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս