«Մարդկանց տուգանելը խայտառակություն ու թարս ապտակ է լինելու»․ Գևորգ Ստեփանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար:

Նախագծերի փաթեթը մշակել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, սակայն հանրային քննարկման դրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղեւորները ենթարկվելու են տուգանքի 15,000 դրամի չափով: Իսկ այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ՝ տուգանվելու է 18,000 դրամի չափով:

Նշենք, որ նախագծերը օրենք դառնալու համար պետք է ընդունվեն Ազգային ժողովի կողմից։

ArmLur.am-ը զրուցել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հետ։

-Պարո՛ն Ստեփանյան, ի՞նչ կասեք նախագծի մասին և ընդունվելու դեպքում ի՞նչ  քայլերի է գնալու «Մայր Հայաստանը»։

-Նախ հիշեցնեմ, որ «Հանրապետություն» և «ՔՊ» կոալիցիոն ուժը։ «ՔՊ»-ն չստանալով երևանցիների վստահությունը, երևանցիներին խաբելով մի կերպ կարողացավ քաղաքապետի բաղձալի աթոռը Տիգրան Ավինյանի համար զավթել և սկսեց «մուռ հանելու» պրոցեսը։ Հիմա առաջինը տրանսպորտի թանկացումն էր, որը խոսք չէին տվել։ 300 դրամ էին թանկացնում։ Մեր բոլորիս, քաղաքացիների աջակցությամբ, բոյկոտի և մերժելու արդյունքում վախեցան և հետ կանգնեցին՝ տրանսպորտի ուղեվարձը սարքելով 150 դրամ։ Հիմա 150-ի դեպքում էլ «Մայր Հայաստան» խմբակցությունը սկսեց բոյկոտը, քաղաքացիները միացան։ Բոյկոտը այն մասշտաբներին հասավ, որ «ՔՊ»-ն ու «Հանրապտությունը» որոշեցին այս մահակը կիրառել քաղաքացիների դեմ և օրենք ընդունել։ Օրենքը դեռ չեն ընդունել, դա ընդունելուն դեռ երկար կա, պետք է տանեն ԱԺ։ Ուզում են ԱԺ-ով օրենք ընդունեն, 15․000 դրամ տուգանեն բոյկոտող քաղաքացիներին և 18․000 այն մարդկանց, որոնք ունեն սոցիալական աջակցություն, անվճար փաթեթեներ, որ այդ անվճարները իրենց տանեցիներին հանկարծ չտան ու տանեցիներն էլ չերթևեկեն։ Մի խնդիր կա․ քաղաքացիների վճարած հարկերով ուզում են աշխատանքի ընդունել 800 շարժակազմի։ Մինիմումով եմ հաշվում։ Լավ, 800 հոգի եք ընդունելու, 200․000 դրամով այդ մարդանց վարձատրեն, մտնեն ավտոբուսների մեջ, քաղաքացիներին ստիպեն, որ վճարեն, դա խայտառակություն է լինելու ու թարս ապտակ է հասցնելու։ Քաղաքացիները կապտակեն այս օրենքն ընդունողներին, այս օրենքը չի աշխատելու։ Բոյկոտն այն մասշտաբներին է հասել, որ ավագանու հերթական նիստի ժամանակ 2 միլիարդ 2 հարյուր միլիոն դրամ նորից հատկացվեց Երևանի բյուջեից, քաղաքացիների վճարած հարկերից Ավտոբուս ՓԲԸ-ին։ Փաստորեն երևանցիների բոյկոտի արդյունքը, որ չեն վճարել, այն կարգի է «խփել» «ՔՊ»-ի ու «Հանրապետւթյան» սեփական գրպանին, որ նորից Երևանի բյուջեից այդքան գումար տվեցին Ավտոբուս ՓԲԸ-ին։ Իսկ, որ ասում են՝ չվճարեք գազելները հետ կգան, բա եթե դուք նոր մեքենաներ եք գնել, դուք 300 միլիոն դրամ ամսական ինչո՞ւ եք տալիս ավտոբուսներին սպասարկման համար։ Ձեր ասած յաշիկ առ յաշիկ, բրաբուս առ բրաբուսներով են ման գալի՞ս քաղաքացիները քաղաքում։

-Դուք ի՞նչ քայլերի եք պատրաստվում գնալ տուգանքների դեպքում։

-Թո՛ղ փորձեն։ Մենք ամենօրյա ռեժիմով քաղաքացիների հետ կապի մեջ ենք և մենք գիտենք, որ քաղաքացիները չեն վճարում, իրենց կրեատիվ մեթոդներով բոյկոտը շարունակում են։ Թող փորձեն, տեսնենք՝ որ օրն են տանելու իրենց այս հակաօրինական նախագիծը քաղաքացիների դեմ։ Քաղաքացիերը իրենց սահմանադրական իրավունքն են պահում ու չեն վճարում մի բանի համար, որի համար մարդկանց չեն տալիս համապատասխան ծառայություն։ Քաղաքացիները ժամերով սպասում են կանգառներում, սառում են, խցկված ու իրար գիրկ նստած են գնում ինչ-որ տեղ ու մի հատ էլ ուզում եք 150 դրամ վճարեն։ Թող փորձե՛ն։ Հենց այդ օրենքը մտնի ԱԺ, մենք մեր անելիքների մասին կխոսենք։

-Ինչ-որ գործողություններ այսինքն կլինե՞ն։

-Ամեն բանի դիմաց պայքարելու ենք միչև վերջ։ Հետնահանջ չի՛ լինելու։ Հենց օրենքը գնա ԱԺ՝ կտեսնեք։

Աննա Սրապիոնյան




Լրահոս