ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՏԵԼ Է ՍԱՀՄԱՆԸ

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ջիլիզա գյուղում: Բնակիչները մեզ պատմեցին, որ Վրաստանի Չանախչի գյուղի բնակիչ 28-ամյա Գագիկ Խաչիկյանն իրենց գյուղի Գոմակ կոչվող տարածքից գողացել է գյուղի բնակիչներից մեկին պատկանող գեներատորն ու էլեկտրական վահանակը: Ուշագրավն այն է, որ Խաչիկյանը գիշերով, առանց թույլտվության Չանախչի գյուղից Ճալակ կոչվող գետակով ապօրինի հատել է հատուկ պահպանվող ՀՀ պետական սահմանն ու Ջիլիզայի բնակչի տան բակից գողացել նշված իրերը՝ նույն ճանապարհով տեղափոխելով հարեւան հանրապետություն՝ Վրաստան: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը՝ նշելով, որ գողություն կատարողը հայտնաբերվել է, նրան ստորագրությամբ բաց են թողել, այժմ կատարվում է նախաքննություն:

ԿԱՆԱԶԻ ՀՈՍՊԻՏԱԼԻ ՇՈՒՐՋ

«Ժողովուրդ»-ն արդեն հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված Ռազմիկին եւ Արշակին հոսպիտալից տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ Դավիթ Մարկոսյանին՝ Նուբարաշենի հոգեբուժարան: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթի հայրը` Սամվել Մարկոսյանը, ասաց, որ իր որդուն հոգեբուժարանից տեղափոխել են Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալ, իսկ ահա Ռազմիկին եւ Արշակին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ Նուբարաշենի հոգեբուժարան. «Չգիտեմ, թե այս ամենն ինչով կավարտվի, բայց իմ որդուն էլ ասել են, թե առաջիկա շաբաթում ազատ կարձակեն»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով աշխատանքից հեռացվել են Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալի հսկիչ անցագրային կետի երեք աշխատակիցներ: Իսկ ծեծող բժիշկները դեռ աշխատում են:

ՀԻՆ ԿԱԴՐԵՐՈՎ

Նախօրեին, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Մոսկվա» կինոթատրոնում պարգեւատրում էր բոդիբիլդինգով զբաղվող մարզիկներին, Ծառուկյանի կողքին՝ կադրերում երեւում էր նաեւ նրա նախկին մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Խ. Գալստյանից պարզել, թե այժմ ինչ փոխհարաբերություններ ունի ԲՀԿ առաջնորդի հետ: «Դրանք հին կադրեր են՝ երեւի նախանցած տարվա: Այդ միջոցառմանը չեմ մասնակցել: Չգիտեմ, կարող է՝ իմ նմանակի՞ն են գտել»,-կեսկատակ-կեսլուրջ նշեց մեր զրուցակիցը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինքն արդյոք որեւէ շփում ունի Ծառուկյանի հետ, Գալստյանը պատասխանեց. «Աշխատանքային չէ, բայց առիթի դեպքում շփվում ենք»:

 




Լրահոս