Նարեկ Սարգսյանն իր խոստումը չկատարեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանը, ով նախկինում զբաղեցնում էր Երեւանի գլխավոր ճարտարապետի, այնուհետեւ` Ճարտարապետության կոմիտեի ղեկավարի պաշտոնը, երկու տարի առաջ ամպագոռգոռ հայտարարություններ արեց այն մասին, թե Երեւանն առաջիկայում դադարելու է շինհրապարակ լինելուց, իսկ կիսատ մնացած շինությունները կարճ ժամանակահատվածում ավարտին կհասցվեն:

Սակայն անցնող ամիսներին դրանց թիվը ոչ միայն չնվազեց, այլեւ հետզհետե ավելանում է: Իսկ նրա օրոք կառուցված էլիտար բարձրահարկ շենքերը հեղեղել են քաղաքը, ինչի պատճառով շատերը, մեղմ ասած, ոգեւորությամբ չեն ընդունում Ն. Սարգսյանի` քաղաքաշինության նախարար նշանակվելու նորությունը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2012-ի սեպտեմբերի 14-ին Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը, մասնավորապես, հայտարարեց, թե շինարարական կազմակերպությունների կողմից ստանձնած պարտավորությունները ՀՀ օրենսդրությամբ եւ պայմանագրերով սահմանված պայմանների ու ժամկետների շրջանակներում չեն իրականացվել. այդ տարածքները վերածվել են բարձիթողի վիճակում հայտնված շինհրապարակների` դրանից բխող բացասական հետեւանքներով:

Բացի այդ, դրանք մշտապես Երեւանի բնակիչների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում են, որոնցից պարբերաբար ստացվում են հարցադրումներ` այդ տարածքների հետագա ճակատագրի վերաբերյալ:

Այդ ամենը հաշվի առնելով` Ն Սարգսյանն այդ կազմակերպություններին առաջարկեց Երեւանի քաղաքապետարանի հետ, մեկամսյա ժամկետում, ներկայացնել հստակ, ողջամիտ ժամանակացույց կամ ծրագիր` այդ տարածքների` Երեւան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված նպատակային նշանակությամբ կառուցապատումը սկսելու եւ ավարտելու վերաբերյալ:

Այն չներկայացնելու դեպքում գլխավոր ճարտարապետը խոստացավ կիրառել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ, դադարեցնել հողամասերի, շենքերի եւ շինությունների նկատմամբ առկա իրավունքները:

Անցած ամիսներին, սակայն, այդպես էլ ոչինչ չարվեց. կամ չլսեցին ճարտարապետի խոսքը, կամ էլ` նա խաբեց:

Նշենք, որ Ն.Սարգսյանի այս հայտարարությունից հետո նման հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` հայտարարելով, թե այլեւս անթույլատրելի է հանդուրժել շուրջ մեկ տասնամյակ մայրաքաղաքի կենտրոնում անավարտ շինհրապարակների առկայությունը:

Սակայն քաղաքապետը եւս իր խոսքի տերը չեղավ, եւ արդյունքում` մայրաքաղաքը չի դադարում հսկայական շինհրապարակ լինելուց, ավելին` դեռ շարունակում է աղբի մեջ մնալ:
Հավելենք, որ նախորդ տարի Նարեկ Սարգսյանն ազատվելով մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից` նշանակվեց ճարտարապետության կոմիտեի ղեկավար:

Հետաքրքրիր է, թե Սարգսյանի` քաղաքաշինության նախարար նշանակվելուց հետո այս կոմիտեի ապագան ի՞նչ է լինելու:

Գաղտնիք չէ, որ Ն. Սարգսյանն ունի մեծ թվով հակառակորդներ, ովքեր ամենատարբեր առիթներով տարիներ շարունակ հանդես են եկել նրա քննադատությամբ: Դրան ի հակառակ` քչերն են, որ բացեիբաց համարձակվել են գովել իրենց գործընկերոջ մասնագիտական գործունեությունը:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մեծամասնության մեջ է. նա, մեղմ ասած, ոգեւորությամբ չի ընդունել Նարեկ Սարգսյանի` քաղաքաշինության նախարար նշանակվելու նորությունը. «Ինքն իր ամբողջ գործունեության ընթացքում բացի վարկաբեկող հոդվածներից եւ վատ գնահատականներից ոչինչ չի ստացել:

Որեւէ դրական արձագանք նա իր ստեղծագործական ուղու մեջ չի ունեցել: Սակայն դրան հակառակ` ինքը պարգեւատրվել է աշխարհի բոլոր պարգեւներով:

Նա շարունակելու է այն, ինչը մինչեւ հիմա անում էր: Ինքը խնդիր չունի, նա մշակույթով չէ մտահոգված, շարքային բիզնեսմեն է եւ իր սեփական կարծիքը չունի:

Անում է այն, ինչն իրեն թելադրում են ու կարգադրում:
Ամեն դեպքում, սպասենք եւ տեսնենք` նախարար աշխատելու ընթացքում Նարեկ Սարսյանն ինչ անակնկալներ կմատուցի ՀՀ քաղաքացիներին:
Սյունէ Համբարձումյան




Լրահոս