ԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՀԱՑԵԼ ԷՐ

Դեկտեմբերի 20-ին Իջեւան քաղաքում պետք է կայանար շարքային Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության անդրանիկ նիստը: Հիշեցնենք, որ այս քրեական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն ինքնաբացարկ էր հայտնել, եւ գործն ուղարկվել էր նույն դատարանի դատավոր Զոյա Զաքինյանին, որի նստավայրը Բերդ քաղաքն է: Սակայն որպեսզի դատավարության մասնակիցների համար ավելի հեշտ լինի նիստերին մասնակցելը, Զոյա Զաքինյանը դատական նիստերը նշանակել է Իջեւան քաղաքում:
Այս աղմկահարույց քրեական գործով մեղադրվում է Երեւան քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Դավիթ Խաչատրյանը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դ. Խաչատրյանը 2013թ. մայիսի 15-ին, ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում եւ ժամը 15:00-15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող, հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան` բացել է իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակի ռեժիմի վրա, ինքնաձիգի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ: Ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից անմիջապես հետո երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, անտեսելով այլ, տվյալ դեպքում իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետեւանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է: Իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է հասցվել նրա առողջությանը:
Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը) եւ 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Դեկտեմբերի 20-ին Իջեւանում սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը չկայացավ: Դատավոր Զոյա Զաքինյանը հայտարարեց, որ այդ օրը քրեական գործով մեղադրող Արթուր Զաքարյանի աներոջ թաղումն էր: Որպեսզի դատավարության մյուս մասնակիցներն իզուր չկտրեին երկար ճանապարհ, դատարանի աշխատակազմից նրանց տեղյակ էին պահել նիստի չկայանալու մասին: Հաջորդ նիստը նշանակվեց 2014թ. հունվարի 15-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս