ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԿՈՒ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿ»

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, «Ֆլորենս» ռեստորանային համալիրում կայացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության կազմակերպած Հայաստանի լավագույն տասը մարզիկների մեծարման երեկոն:
Հիշեցնենք, որ նախարարության կողմից անցկացված հարցման արդյունքում տասնյակում հայտնվել են երկու ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը եւ Յուրա Մովսիսյանը, ինչպես նաեւ մեկ սամբիստ, ովքեր չկան Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի 10 լավագույն մարզիկների թվում: Ավելացնենք, որ դեկտեմբերի 26-ին, բայց արդեն «Փարավոն»-ում, կայանալու է լավագույն մարզիկների մեծարման մեկ այլ երեկո, որն արդեն կազմակերպում է ՀԱՕԿ-ը: Օլիմպիական կոմիտեն պարգեւատրելու է մարզական լրագրողների ֆեդերացիայի ընտրած 10 լավագույն մարզիկներին, որոնց թվում ֆուտբոլիստ չկա: Ավելորդ չենք համարում նշել, որ արդեն քանի տարի է` ՀԱՕԿ-ը նման մեծարման երեկո է կազմակերպում, որին մասնակցում են նաեւ պետության առաջին դեմքերը։
Այս տարի, սակայն, առաջին անգամ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նույնպես կազմակերպում է նման միջոցառում։ Եվ սա խոսում է տվյալ նախարարության, մասնավորապես նախարարի, ինչպես նաեւ ՀՖՖ նախագահի եւ ՀԱՕԿ-ի նախագահի միջեւ եղած հակասության, կարելի է ասել՝ հակամարտության մասին։ Դժվար է նույնիսկ ենթադրել, թե ինչ ավարտ կունենա այդ հակամարտությունը, բայց մի բան պարզից էլ պարզ է. դրանից տուժել է եւ շարունակելու է տուժել հայկական սպորտը։ Բացի այդ՝ արհեստականորեն ֆուտբոլիստներին լարում են մարզական լրագրողների ֆեդերացիայի, ինչպես նաեւ օլիմպիական կոմիտեի դեմ։ Մինչդեռ դժվար է գտնել գոնե մեկ հայ մարզական լրագրող, որը չի ուրախանում մեր ֆուտբոլիստների հաջողություններով։ Պարզապես լավագույններին ընտրելիս հաշվի են առնվում օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների արդյունքները, իսկ ֆուտբոլիստները նման կարգի որեւէ մրցաշարում աչքի չեն ընկել։ Ի դեպ, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, այսպես ասած, օրինակելի կարգում, որը ներկայացվել էր լրագրողների քննարկմանը, ինչպես նաեւ մարզիկների ցանկում ֆուտբոլիստներ չկային։ Եվ բնական հարց է ծագում. նրանք ինչպե՞ս այնտեղ հայտնվեցին, ովքե՞ր եւ ինչպե՞ս են կազմել նախարարության լավագույն տասնյակը։

 

 

 

ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Սոչիի «ճերմակ» օլիմպիադայի ավարտից մեկ օր անց՝ 2014թ. փետրվարի 24-ին, Երեւանում եւ Ծաղկաձորում կմեկնարկեն Համահայկական առաջին ձմեռային խաղերը, որոնք կավարտվեն մարտի 2-ին։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն որոշել է ձմեռային անդրանիկ խաղերն անցկացնել չորս մարզաձեւից՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ եւ տափօղակով հոկեյ: Առաջին երեք մարզաձեւերի ներկայացուցիչները կմրցեն Ծաղկաձորում, իսկ հոկեյիստները՝ Երեւանի մարզահամերգային համալիրում: Արդեն մասնակցության հայտեր են ստացվել 14 երկրների հայկական համայնքներից:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս