ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԲ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ Ի ՉԻՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

Համաշխարհային բանկն օրերս հրապարակեց Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Ըստ ՀԲ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» վերնագիրը կրող զեկույցի՝ 2014-16թթ. Հայաստանում տնտեսական աճը գնահատվել է 5 տոկոսի սահմաններում: Իսկ ահա Հայաստանի կառավարությունն այս տարվա համար տնտեսական աճի մի փոքր ավելի բարձր տեմպեր է կանխատեսել` 5.2 տոկոս. այս թիվը նշված է ՀՀ 2014թ. պետական բյուջեի ուղերձում: Եվս մեկ ուշագրավ փաստ. ՀԲ զեկույցի համաձայն` համաշխարհային տնտեսության աճի տեմպերը 2014թ. կմեծանան` հասնելով 3.4 տոկոսի: Ասել է թե՝ Հայաստանում տնտեսությունը պետք է 1.5 անգամ ավելի աճի, քան համաշխարհային տնտեսությունը:

Թե որքանով են ռեալ այս կանխատեսումները, ցույց կտա ժամանակը: Սակայն նախորդ տարիների փորձն արդեն իսկ լուրջ կասկածներ է սերմանում. կյանքը ցույց է տվել, որ Հայաստանի դեպքում տնտեսական աճի մասին կանխատեսումները միշտ չէ, որ իրականանում են:
Դատե՛ք ինքներդ. Համաշխարհային բանկը 2013թ. համար կանխատեսել էր 4.3 տոկոս տնտեսական աճ: Տիգրան Սարգսյանի կառավարությունն այստեղ ավելի «շռայլ էր գտնվել» եւ 2013թ. բյուջետային ուղերձում միանգամից 6.2 տոկոս «խփել»: Սերժ Սարգսյանն էլ այս հարցում որոշել էր խստապահանջություն ցուցաբերել ու կառավարությանը հանձնարարել` տարեկան ապահովել 7 տոկոս աճ: 2013թ. ողջ ընթացքում, սակայն, ոչ միայն տնտեսական աճ չգրանցվեց, այլեւ, ընդհակառակը, տնտեսական ակտիվության ցուցանիշն անգամ պաշտոնական վիճակագրական տվյալներով սկսեց հետեւողականորեն նվազել: Արդյունքում՝ կառավարությունը ստիպված էր սրբագրել ինքն իրեն ու հայտարարել, որ 2013թ. համար սպասում է 4.1 տոկոս աճ: Ստիպված էին որոշակի ճշգրտումներ անել նաեւ ՀԲ ներկայացուցիչները` արդեն 2013թ. նոյեմբերին հայտարարելով սպասվող 3-4 տոկոս աճի մասին:
Այսօր, սակայն, ստիպված ենք արձանագրել, որ տնտեսական աճը հեռու է կանխատեսվածից. կառավարությունը չկարողացավ ապահովել ո՛չ Սերժ Սարգսյանի հանձնարարած 7 տոկոսը, ո՛չ իր կանխատեսած 6.2 տոկոսը, ո՛չ էլ Համաշխարհային բանկի կանխատեսած 4.3 տոկոս աճը: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ. կտրվածքով լավագույն դեպքում կկազմի 3 տոկոս, այն էլ` թվային լրջագույն մանիպուլյացիաների արդյունքում: Թեեւ, այսօր անզեն աչքով էլ նկատելի է, որ Հայաստանում տնտեսությունն ուղղակի քայքայվում է ու սրընթաց անկում ապրում:
Չեն իրականացել նաեւ կառավարության մյուս կանխատեսումները. օրինակ` օտարերկրյա ներդրումները սպասված 26.9 տոկոս աճի փոխարեն նվազել են ավելի քան 60 տոկոսով, գնաճը կանխատեսված 4.2 տոկոսի փոխարեն կազմում է 5.8 տոկոս, եւ այդպես շարունակ:
Այնպես որ, Տիգրան Սարգսյանի կառավարության կանխատեսումներին լուրջ վերաբերվելը կարող է դիտարկվել կա՛մ անհույս լավատեսություն, կա՛մ միամտություն: Ինչ վերաբերում է Համաշխարհային բանկի կանխատեսումներին, ապա Հայաստանի պարագայում այն չի գործում. ըստ մասնագետների` ՀԲ-ն հաշվի չի առնում Հայաստանում կոռումպացվածության մակարդակը, տնտեսության մոնոպոլիզացման մակարդակը եւ շատ այլ «սպեցիֆիկ» գործոններ: Այնինչ, այդ ամենն իր հետեւանքն է թողնում տնտեսության վիճակի վրա:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք. օր առաջ ամերիկյան հեղինակավոր The Heritage Foundation-ի եւ The Wall Street Journal-ի պատրաստած «2014 թվականի տնտեսական ազատության ցուցիչը» զեկույցի համաձայն՝ Հայաստանը վատացրել է տնտեսական ազատության իր ցուցանիշը: Այս տարվա համար այն կազմում է 68.9 միավոր: Արդյունքում՝ Հայաստանը 3 կետով զիջել է իր տեղը` 178 երկրների շարքում զբաղեցնելով 41-րդ հորիզոնականը: Մասնագետների պնդմամբ՝ սա 2007թ. ի վեր Հայաստանի վատագույն ցուցանիշն է: Այս հանգամանքը, սակայն, որեւէ կերպ չարժանացավ կառավարության ուշադրությանը. ո՛չ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ո՛չ էլ տնտեսական ոլորտի նախարարները որեւէ մեկնաբանություն չտվեցին կատարվածի վերաբերյալ, չբացատրեցին, թե Հայաստանն ինչու է զիջում իր դիրքերը: Այնինչ, ուրիշ դեպքերում, երբ Հայաստանը որեւէ ցուցանիշով թեկուզ 0.1 տոկոսով բարելավում է դիրքերը, Տ. Սարգսյանը կառավարության նիստերին ոչ միայն ինքն է զմայլված խոսում այդ մասին, այլեւ հանձնարարում նախարարներին` ասուլիսներ տալ ու հանրությանն իրազեկել այդ «ավետիսի մասին»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԹՌԻՉՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գարեգին Նուշիկյանի կողմից ֆինանսավորվող yerevannews.am կայքը փակվելու «եզրին» է: Գրեթե բոլոր աշխատակիցներն աշխատանքից դուրս են եկել: Թե որն է կայքի տապալման պատճառը, փորձեցինք պարզել Գ. Նուշիկյանից: «Իսկ ո՞վ է ասում, որ ինձ է պատկանում, ինձ չի պատկանում, ուղղակի ես իրենց ճանաչում եմ: Ուղղակի նորմալ, բարեկամական կապ կա, բարեկամական հարաբերություններ: Չէ՛, ուրիշ որեւէ բան չկա, ես առաջին անգամ ձեզանից եմ լսում, որ աշխատանքից ազատվում են, չգիտեմ, ես որեւէ տեղեկություն չունեմ»,-փորձեց խուսափել պատգամավորը: Այսպիսով՝ սնկի պես աճող լրատվական շատ կայքեր կամաց-կամաց սկսում են փակվել, քանի որ գործարարների կողմից իրենց իմիջի համար բացված «թիթեռնիկ» կայքերը չեն արդարացնում սպասելիքները: Օրինակ՝ կոնկրետ Նուշիկյանի հեղինակությունը, մեկ-երկու անուն կայքեր ֆինանսավորելով, ամենեւին էլ չբարձրացավ: Հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի այդքան գումար վատնելը:

 

ՔԱՀԱՆԱ ՉՈՒՆԵՆ

Արդեն մի քանի ամիս է, ինչ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին քահանա չունի: Տ. Հակոբ ավագ քահանա Երանոսյանն ամիսներ առաջ մահացել է, ինչի պատճառով էլ մարդիկ պսակադրության համար ստիպված երկար ճանապարհ են կտրում` հասնելով հարեւան քաղաքներ: «Ժողովուրդ»-ը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, եկեղեցին երբ է քահանա ունենալու: «Վարդենիս քաղաքի հոգեւոր հովիվ տ. Հակոբ ավագ քահանա Երանոսյանն ամիսներ առաջ վախճանվել է, եւ քաղաքում պետք է նոր եկեղեցական նշանակվի: Ցավոք, եկեղեցականների թվի սակավության պատճառով հնարավոր չի եղել, սակայն շուտով Մայր Աթոռում կայանալիք քահանայական ձեռնադրությունից հետո Վարդենիսը կրկին կունենա իր հոգեւորականը»,-պատասխանեց տեր Վահրամը:

 

ՏՐԱՆՍՊՈՐՏ ՉՈՒՆԵՆ

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Ապագա, Ակնաշեն, Լուսագյուղ համայնքների՝ «Ժողովուրդ»-ին ահազանգած բնակիչների խոսքով՝ Ապագա-Էջմիածին երթուղին սպասարկող հասարակական տրանսպորտը նոյեմբեր ամսին չի աշխատել, իսկ դեկտեմբերին՝ ոչ ամեն օր: «Ժողովուրդ»-ը փորձեց Ապագա համայնքի ղեկավար Արտաշ Բարսեղյանից հետաքրքրվել, թե ինչու ավտոբուսը չի աշխատել: «Ավտոբուսը միայն երկու օրով չի աշխատել, որովհետեւ վարորդը հիվանդ է եղել: Բայց դրանից հետո նորմալ աշխատել է: Վարորդներին էլ մեղադրել պետք չէ, քանի որ եկամուտ չունեն: Բայց հիմա նման խնդիր չկա: Ավտոբուսը նորմալ աշխատում է»,-նկատեց համայնքապետը: Նա մտադիր է դիմել համապատասխան կառույցներին մրցույթ հայտարարելու խնդրանքով, որպեսզի համայնքին տրամադրեն երկու տրանսպորտ՝ «արագ-արագ» սպասարկելու համար:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ն ԷԼ ՉԿԱ

Երեկ Մոսկվայում՝ «Գազպրոմ»-ի կենտրոնական գրասենյակում, Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ու «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի միջեւ ստորագրվել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում Հայաստանի կառավարությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին վաճառելու մասին պայմանագիրը: Այսպիսով` «Հայռուսգազարդ»-ն արդեն 100 տոկոսով «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունն է: Այն վերանվանվել է եւ այսուհետ կկոչվի «Գազպրոմ Արմենիա»:

 

ՆՈՐ ԷՍԿԱԴՐԻԼԻԱ

ՌԴ ՊՆ հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայության տեղեկացմամբ` «Էրեբունի» օդանավակայանում ստեղծվել է ռուսական օդուժի նոր էսկադրիլիա: Դրա ստեղծումից հետո ռազմակայանը, բացի ԾԼթ-29 կործանիչներից, կունենա նաեւ ԾԼ-24կ, ԾԼ-8ԾՁ, ԾԼ-8հԾԹ ուղղաթիռներ, «որոնք կօգտագործվեն խնդիրների լայն շրջանակի լուծման համար»: Ծառայությունն ընդգծում է՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական օդուժի խնդիրն է ապահովել ՀԱՊԿ անդամ Հայաստանի օդային սահմանների պաշտպանությունը: Նշվում է նաեւ, որ «Էրեբունի»-ում տեղակայված նոր էսկադրիլիան ավիատեխնիկայով կհամալրվի 2014թ. ընթացքում:

 

ԱՄԲԻՈՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՏԱԲ

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոսներ Սարգիս Փոլադյանը եւ Հարություն Գրիգորյանը բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ խնդրելով միջամտել ամբիոնում տիրող ամենաթողության մթնոլորտի վերացման հարցում: Նամակում մասնավորապես ասվում է. «Արդեն վաղուց վարվում է բազմամյա փորձ ունեցող վաստակաշատ մասնագետների նկատմամբ, ովքեր կրթել եւ արաբերենի լեզվական նրբություններին հասու են դարձրել մի քանի սերունդների, ուսումնական գործընթացից դուրս մղելու քաղաքականություն: Ամբիոնն այսօր հեռու է ուսումնամանկավարժական կառույց լինելուց. այն, ըստ էության, վերածվել է քաղաքական շտաբի»:

 

ՉԷԻՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ

ՀՀ վարչական դատարանում երեկ շարունակվել է Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դատը: Նրան մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ 2013թ. օգոստոսի 1-ին քաղաքապետարանի դիմացի կանաչ տարածքում վրան չտեղադրելու ոստիկանության պահանջը չկատարելը: Դատական նիստը սկսվել է ուշացումով, քանի որ ոստիկանության ներկայացուցիչները չեն եկել դատարան: Արգիշտի Կիվիրյանն առաջարկել է շարունակել նիստն առանց հայցվոր կողմի: Նրա փաստաբան Արամազդ Կիվիրյանը հակընդդեմ հայց է ներկայացրել` պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Երեւանի ոստիկանության Կենտրոնի բաժնի ոստիկանների գործողությունները՝ ուղղված Արգիշտի Կիվիրյանի դեմ:
Դատավորը որոշել է մինչեւ դիրքորոշում հայտնելը փետրվարի 26-ին եւս մեկ նախնական դատական նիստ անցկացնել:

 

ԱՅՍՊԵՍ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Չինաստանի իշխանությունները որոշել են խոչընդոտել այն պաշտոնյաների մասնագիտական առաջխաղացումը, որոնց կանայք ու երեխաները մշտապես բնակվում են արտերկրում: Չինաստանի ԿԿ Կենտկոմում համոզված են, որ սահմանափակումները կնվազեցնեն կոռումպացված պաշտոնյաների թիվը, որոնք փորձում են արտերկրում թաքցնել ապօրինի ճանապարհով ստացված միջոցները: Վատ չէր լինի, եթե նման մի օրենք էլ ընդունվեր Հայաստանում: Այդ դեպքում ՀՀ իշխանական վերնախավի մի ստվար հատված ստիպված կլիներ պաշտոնաթող լինել: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ընտանիքը բնակվում էր Իսպանիայում:




Լրահոս