Վաղարշի կենդանակերպ պահվածքը պատժի է ենթակա. Ն. Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իշխանությունները նշում են, թե ամեն ինչի մեղավորը ՀՀ սահմանադրությունն է:   Արդյոք ՀՀ սահմանադրութո՞ւնն է մեղավոր, որ «Ոսկու շուկա»-ում անասնակերպ մեկը սեղաններն էր ջարդում: Եթե սահմանադարություն կա, ապա այդ կենդանակերպը պետք է ենթարկվի պատժի»,-այսօր Կոտայքի մարզի Հրազդան քաղաք կատարած մարզային այցելության ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Արդոք սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ այդ տարածքում աշխատող մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը: Նրանց ստորացրել են, վերաբերվել են որպես կենդանու, և հետո էտ մարդն ասում է՝ լավ եմ արել, ջարդել եմ, էլի կանեմ: Արդյոք սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ մարդիկ երկրում աղքատ են, չունեն աշխատանք: Մտե՛ք արտագաղթի ավտոբուսներ և հարցրե՛ք նրանց՝ դուք լքո՞ւմ եք, որովհետև սահմանադրությո՞ւնն է մեղավոր», – ընդգծեց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ոչ մի անգամ չի հաջողվել արդար ընտրություններ կազմակերպել: «Պետք չէ դեմագոգիայով զբաղվել. մեր երկրի պրոբլեմն այսօր այս իշխանությունն է, որը ցանկանում է լուծել վերարտադրման խնդիր: Եթե ձեզ դուր է գալիս այս վիճակը, որ այսօր արտագաղթի հազարավոր ավտոբուսներ մարդկանց տանում են այս երկրից, ապա պաշտպանե՛ք այս իշխանությանը: Եթե ձեզ դուր է գալիս, որ մի կենդանակերպ իր աշխատողների հետ ստրուկի նման է վարվում, ուրեմն շարունակե՛ք պաշտպանել այս իշխանություններին», – հայտարարեց նա:

Զոհրաբյանը հավելեց՝ բոլոր նրանք, ովքեր չեն վախեցել մարզպետների և քաղաքապետների սպառնալիքներից և եկել են այստեղ, միասին կկարողանան հասնել իրենց ցանկացած արդյունքին: ԲՀԿ խմբակցության քարտուղարը բոլորին կոչ արեց հոկտեմբերի 10-ին ներկա լինել իրենց երևանյան համապետական հանրահավաքին:




Լրահոս