ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

200 ԳԱՅԼ ՍՊԱՆԵԼՈՎ` ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Oրերս, ՀՀ կառավարությունը Բնապահպանության նախարարությանը հատկացրեց 20 մլն դրամ`շատ համայնքների համար պատուհաս դարձած գայլերին սպանելու նպատակով որպես պարգեւավճար հատկացնելու համար: Գումարը նախատեսված է 200 գայլի համար: Յուրաքանչյուր գայլի հաշվով պարգեւավճարը կազմում է 100 հազար դրամ: Գործադիրի այս որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել մի շարք բնապահպանների մոտ: Այս կապակցությամբ ստեղծվել է նաեւ «Փրկենք գայլերին» քաղաքացիական նախաձեռնությունը:

Ըստ կառավարության տվյալների` վերջին շրջանում մարզերից ստացված բազմաթիվ ահազանգերը փաստում են, որ գայլերի թվաքանակի աճը պայմանավորված է ոչ թե վայրի բնության մեջ առկա կերային բազայի փոփոխությամբ, այլ մարդկանց տնտեսական գործունեության արդյունքում (անասնապահություն) առաջացած սննդի բազայի ավելացմամբ: Էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ամբողջ որսաշրջանի համար նախատեսվել է որսալ 200 գայլ, ինչը կապահովի տվյալ միջոցառման էֆեկտիվությունը եւ սոցիալական (գյուղատնտեսության պաշտպանվածություն) ու բնապահպանական (վայրի կենդանիների կենսաբազմազանության պահպանում) արդունավետությունը:
Սակայն կառավարության այս որոշումը վրդովեցրել է մի շարք բնապահպանների, ովքեր նույնիսկ բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: «Երեք տարի շարունակ սկսվել է գայլերի անխնա ոչնչացումը Հայաստանի տարածքում, վճարելով մեկ գայլի համար 100 000 դրամ: Մենք «Փրկենք գայլերին» խմբի անդամներով պահանջում ենք` անհապաղ դադարեցնել գայլերի սպանդը, անցկացնել լուրջ գիտական հետազոտություններ, որոնք կբացահայտեն գայլերի պոպուլյացիայի խնդիրները Հայաստանում, որսորդական շրջանում տալ թույլտվություններ գայլերի չափավոր որսի համար, որը կկարգավորի գայլերի քանակը, ստեղծել արհեստական կերակրային բազա գայլերի համար, որը հնարավորություն կտա պոպուլյացիային որս կատարել վայրի կենդանիների վրա, անցկացնել լուրջ միջոցառումներ գյուղերում, որոնք կպաշտպանեն անասնագոմերը գայլերի հարձակումներից: Հակառակ դեպքում մենք կարժանանանք եվրոպական մի շարք պետությունների ճակատագրին, որտեղ անխնա ոչնչացման պատճառով գայլերն անհետացած տեսակ են համարվում»,-նշված է վարչապետին ուղղված նամակում:
Բնապահպան Սիլվա Ադամյանը, ով նույնպես «Փրկենք գայլերին» նախաձեռնության անդամ է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ոչ ոք չի կարող կանոնակարգել, թե որքան գայլ է սպանվել: «Ճիշտ է, որսորդները գայլի մորթիները բերում են կենդանաբանության ինստիտուտ, բայց դա էլ երաշխիք չէ: Ես կարող եմ նշել միայն մի բացասական օրինակ. Անգլիայում մի քանի տարի առաջ նման քաղաքականություն են վարել եւ փորձել են գայլերից պաշտպանվել՝ նրանց սպանելով: Արդյունքում՝ հիմա Անգլիայում գայլ չկա եւ փորձում են արհեստական ձեւով գայլերին բազմացնել: Մենք այս վտանգի մասին զգուշացրել ենք ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա նախարարին եւ փորձել իրենց քաղաքակիրթ ձեւով բացատրել, թե ինչ քայլեր պետք է անել: Սակայն կառավարությունն այս հարցում միակողմանի որոշում է ընդունել եւ գնում է այդ ճանապարհով»,- ասաց տիկին Ադամյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Բնության համաշխարհային հիմնադրամը` WWF-ն, առաջիկայում ֆոնդ կստեղծի, որով կկարողանան գյուղացիներին գումար տրամադրել` անասնագոմերն ամրացնելու համար, որպեսզի գայլերը չկարողանան հարձակում կատարել: «Համապատասխան պայմաններ են ստեղծվելու: Նմանատիպ քայլեր է պետք ձեռնարկել, իսկ մեր կառավարությունը հակառակն է անում: Եթե նրանք մտածում են, որ 200 գայլ սպանելով հարցը կկարգավորվի, ապա սխալվում են: Միեւնույն է` գայլերը նորից կշարունակեն իրենց հարձակումները գյուղերի վրա»,- լրացրեց նա:
Ի դեպ, բնապահպանության նախարարը վերջերս լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ գայլերը շատացել են եւ սկսել են ավելի հաճախ հարձակվել գյուղերի վրա: Այս հայտարարության հետ կապված բնապահպան Սիլվա Ադամյանն ասաց. «Գայլերը կորցրել են իրենց կենսամիջավայրը, կերը: Պարզ է, պետք է դրանք սնվեն՞, թե՞ ոչ: Իսկ եթե սոված մնան, կարծում եմ՝ արդեն պարզ է, որ կմտնեն գյուղեր: Եվ այս գործընթացը կանգնեցնելու համար հետազոտություն, մշտադիտարկում է պետք կատարել: Ես դեմ չեմ որսին, բայց խելամիտ է պետք դա անել»:
Իսկ այս ընթացքում գայլերը շարունակում են իրենց հարձակումները գյուղերի վրա` հոշոտելով գյուղացիների եկամտի հիմնական աղբյուր համարվող անասուններին: Հենց նախօրեին նման մի դեպք գրանցվեց Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում, երբ գայլերի ոհմակը ներխուժել էր նույն գյուղի բնակիչ Նորիկ Թաթոյանի անասնագոմ եւ հոշոտել 20 գլուխ ոչխար:
Իսկ ահա ամիսներ առաջ՝ հուլիսի 8-ին, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գայլերը հոշոտել էին 36 գլուխ ոչխար, հունիսի 27-ին էլ` Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղում ծվեն-ծվեն արել 10 եւ վիրավորել 11 գլուխ ոչխար: Նմանօրինակ դեպքերը բազմաթիվ են, եւ որպես կանոն, տուժած գյուղացիներին կառավարությունը ոչնչով չի օգնում: Նույնիսկ չի փոխհատուցում կրած վնասի մի մասը: Փոխարենը` այլ, ոչ բնասիրական միջոցներ է ձեռնարկում, որոնք մասնագետների պնդմամբ` արդյունավետ չեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ՝ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Այն, որ Կապանի Սյունիք համայնքի գերեզմանատանը տեղերը տասնամյակներ շարունակ տրամադրվել են առանց օրենքով սահմանված կարգի, համայնքի ղեկավարը լավ գիտի: Համայնքի բնակիչները հաճախ դժգոհում են, որ գերեզմանները անմիջապես իրենց վարելահողերին մոտ են գտնվում, մինչդեռ օրենքով սահմանված կարգով 40մ հեռավորությունը պետք է պահպանվի: Իսկ գերեզմանների անմիջական հարեւանությամբ աճեցված բերքը գյուղացիները վաճառում են շուկայում:

Համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը ոչ միայն համամիտ է բողոքներին, այլեւ կարծում է, որ ուշ չէ իրավիճակը շտկելու համար: Թեեւ նկատում է, որ չի կարող գերեզմանների տերերին ստիպել, որ դրանք տեղափոխեն: Սամվել Սարգսյանի խոսքով՝ ինքը համայնքի բնակիչներին առաջարկել է այլ վայրում վարելահողեր տրամադրել, սակայն նրանք չեն համաձայնվել: Իսկ ինչու մինչ այս օրենքը չի կիրառվել, եթե այն սկսել է գործել 2007թ-ից: Այս հարցին ի պատասխան Սամվել Սարգսյանը պատճառաբանում է, որ այն ժամանակ իրենք ոչ համակարգիչ եւ ոչ էլ ինտերնետ ունեին, ուստի տեղեկացված չէին:
Հիմա արդեն, երբ Սյունիքի գերեզմանատանը նոր հատկացումներ չեն կատարվում եւ համայնքի ղեկավարից եռամսյակային հաշվետվություն է պահանջվում, Ս. Սարգսյանը գերեզմանների տերերին տեղեկացրել է, որ գան եւ գերեզմանատեղերի վկայականները ստանան: Դրանց մեջ նշվում է նաեւ զբաղեցրած տարածքի հստակ չափը: «Մինչեւ 12 քմ անվճար է տրամադրվում, իսկ դրանից ավելի մեկ քմ-ն արժե հինգ հազար դրամ: Ամեն ինչ օրենքի դաշտ է բերվում»,-ասում է համայնքապետը: Նկատենք, սակայն, որ մինչ օրս արված ապօրինի հատկացումների արդյունքում գերեզմաններն արդեն հասել են միջպետական Մ2 ճանապարհին: Եվ քաղաք մտնելիս բարի գալուստի փոխարեն շիրիմներն են հառնում անցորդների դեմ:
Իսկ հուղարկավորությունների ժամանակ մարդիկ խնդիրների առջեւ են կանգնում, գերեզմաններն այնքան մոտ են իրար, որ մեռելատերերը ստիպված են լինում անծանոթների գերեզմանները կոխկրտելով հասնել տեղ: Էլ չենք խոսում անասունների ազատ ելումուտի եւ հրդեհների մասին: Այս հարցերի հետ կապված էլ համայնքի ղեկավարը վստահեցնում է, որ համապատասխան կազմակերպություն կստեղծվի, որը կզբաղվի գերեզմանատան հսկողությամբ:

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան

 

 
ԱՐՎԵՍՏԻ ՕՋԱԽԸ ԽՂՃՈՒԿ ՎԻՃԱԿՈՒՄ Է

ԽՍՀՄ վաստակաշատ քանդակագործ Սերգեյ Մերկուրովը, չնայած իր հունական ծագմանը, ծնվել եւ մեծացել է Գյումրիում: Շուրջ 93 տարվա պատմություն ունի մեծ արվեստագետի անունը կրող Գյումրու նկարչական դպրոցը: Մերկուրովի անվան նկարչական ճանաչված օջախը, որն աշխարհին տվել է այնպիսի հայտնի արվեստագետներ, ինչպիսիք են Էմիլ Գազազը, Մինաս Ավետիսյանը, Ասլամազյան քույրերը եւ այլոք, այսօր շենքային լուրջ խնդիր ունի:

Ջիվանու 91 հասցեում կառուցված դպրոցի նախկին շենքը ավագանու որոշմամբ՝ մի քանի տարի առաջ օտարվեց եւ այժմ ունի նոր սեփականատեր: Իսկ դպրոցը տեղափոխվել է Հ. Թումանյանի անվան մանկական գրադարանի մի հատված: Պայմաններն այդտեղ անբավարար են. մոտ 60 սան ունեցող դպրոցում պարապմունքներն անցկացվում են նեղ ու հազիվ հարմարեցված 3 դասասենյակներում:
Դպրոցի սաների խոսքով՝ լուսավորության պակասի պատճառով իրենց արվեստը տուժում է: Բացի այդ` սահմանափակ է շարժվելու տարածքը, որը նկարչի համար եւս պարտադիր պայման է: Եթե այս ամենին ավելացնենք մոտեցող ցրտերին ընդառաջ ջեռուցման բացակայությունը, ապա ակներեւ կդառնա, որ նկարչական դպրոցի վիճակն իսկապես աղետալի է:
Եվ չնայած այս խղճուկ պայմաններին՝ աշակերտները շարունակում են ստեղծագործել եւ մասնակցել միջազգային ցուցահանդեսներին:
Նկարչական դպրոցին օգնության ձեռք մեկնողն այսօր միայն «Շիրակ հայրենակցական միավորում» հ/կ-ն է, որը կազմակերպում է ցուցահանդես-վաճառքներ եւ ստացված հասույթով անհրաժեշտ գույք գնում դպրոցի համար: Սակայն, ինչպես նշեց «Շիրակ հայրենակցական միավորում» հ/կ նախագահ Վարազդատ Ավոյանը, գլխավորը գույքը չէ, գլխավորը նկարչական դպրոցի շենքային պայմանների բարելավումն է, որը մինչ այսօր ոչ պետական մարմինների, ոչ որեւէ բարերարի կամ անհատ ձեռներեցի աջակցությամբ չի իրականացվել:
Ավելացնենք, որ դպրոցը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ, ուսուցումն էլ վճարովի է:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 




Լրահոս