Դանակի հարվածներով հիվանդանոց է տեղափոխվել Ոստիկանության գնդապետի որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 4-ին ՀՀ Արդարադատության նախարարության Վանաձոր Քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց Վանաձորի Ադամյան 10 հասցեի բնակիչ 31-ամյա Վահե Մարտիրոսյանը: Ինչպես Վանաձորից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ քրեկան գործ է հարուցվել ՀՀ Քրօրի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված քրեական գործը հարուցվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Ռաֆայել Երիցյանի կողմից:
Քննիչը միջնորդությունն էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը նրա նկատմամբ կիրառի խափանման միջոց՝ երկամսյա կալանք: Դատավոր Մուշեղ Հարությունյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննիչ միջնորդությունը: Վանաձորցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ մայիսի 30-ին ժ. 15.30-ի սահմաններում Վանաձորի Թևոսյան փողոցում կենցաղային և ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Վ. Մարտիրոսյանը դանակի 6 հարված է հասցրել Վանաձոր քաղաքի բնակիչ 25-ամյա Սևակ Բադալյանին, ով նույն օրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Այստեղ Գ. Շամշյանին հայտնել են, որ վիրավորը վնասվածքները ստացել է դեմքի, որովայնի, կրծքավանդակի և մարմնի այլ մասերում: Դեպքի օրը Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի ոստիկանության աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել, որ վիճաբանությունը տեղի է ունեցել նշված անձանց միջև և ոստիկանության բացատրական աշխատանքների արդյունքում մայիսի 30-ին, գիշերը ժամը 03.00-ի սահմաններում Վ. Մարտիրոսյանը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Վանաձորի բաժին, որից հետո ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը և հայտնել, որ նշված դանակով է հարված հասցրել Ս Բադալյանին: Քննիչ Ռ. Երիցյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Բադալյանը ծառայում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Լոռու կայազորի Վանաձորի բաժնի օպերատիվ բաժանմունքում և կոչումով ավագ լեյտենանտ է, իսկ նրա հայրը՝ Վազգեն Բադալյանը աշխատում է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, կոչումով գնդապետ է: Գ. Շամշյանին հայտնի է դարձել նաև, որ դանակահարությունն իրականացնողի և վիրավորվածի միջև կա բարեկամական կապ:




Լրահոս