ՀԱՎԱՏԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի` արդեն ավանդական դարձած երեկվա գիշերային  նիստում վերջապես հստակեցվեցին Ազգային Ժողովում առանցքային պաշտոնների բաշխման հարցերը: Պարզ դարձավ, որ ՀՀԿ-ի` «Հավատանք, որ փոխենք» կարգախոսն առնվազն  Հովիկ Աբրահամյանի  մասով   իրագործվեց: Անցած աշնանը ԲՀԿ-ի հետ «խաղեր տալու» արդյունքում ՀՀԿ ղեկավարի մոտ վստահությունը կորցրած Հովիկ Աբրահամյանը պաշտոնաթողությանը հետեւած ամիսներին կարողացավ այնպես անել, որ Սերժ Սարգսյանը նրան վերստին հավատաց եւ փոխեց Սամվել Նիկոյանին: Իհարկե, այստեղ խնդիրը միայն Սարգսյանի հավատալը չէ. բանն այն է, որ Աբրահամյանը նախկինում էլ բավականին ազդեցիկ դերակատարություն էր ձեռք բերել` շնորհիվ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած խնամիական կապերի: Հենց Աբրահամյանին էր վերապահված վիճահարույց հարցերի դեպքում ՀՀԿ եւ ԲՀԿ առաջնորդների միջեւ «միջնորդական առաքելության» իրականացումը, ինչն  Աբրահամյանն անում էր` հնարավորինս  մեծ դիվիդենտներ քաղելով թե՛ այս, թե՛ այն կողմից: Իսկ քանի որ ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելուց հետո երկու ազդեցիկ ուժերի միջեւ  վիճահարույց հարցերը շատանալու են, Հ. Աբրահամյանի ազդեցությունը եւս մեծանալու է: Ակնհայտ է, որ արդեն իսկ խորհրդարանական ինտրիգների ու ստորջրյա զարգացումների ուղղորդման փորձ ունեցող Արգամիչից լավ ոչ ոք չի կարողանա կառավարել ԱԺ «խիստ կառուցողական» եւ ոչ այնքան կառուցողական ընդդիմադիր հատվածին: Ուստի Սերժ Սարգսյանի որոշումը միանգամայն սպասելի էր: Այլ բան է, որ այդպիսով, կարծես թե, նկատելիորեն խարխլվում են այն շրջանակների դիրքերը, որոնց անմիջական ուղղորդմամբ էլ Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ կայացնել ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալու որոշումն ու աշխատել իր տեղակալի վերահսկողության ներքո: Ի դեպ, այդ նույն շրջանակի համար գալիք Ազգային Ժողովում եւս մի քանի տհաճ անակնկալներ եղան` ի դեմս Գագիկ Բեգլարյանի եւ Կարեն Կարապետյանի, որոնց հետ կապված՝ չի բացառվում, որ առաջիկայում լինեն նաեւ այլ  զարգացումներ:
Ինչ վերաբերում է ԱԺ փոխխոսնակների պաշտոններում Էդուարդ Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի առաջադրմանը, ինչպես նաեւ ԱԺ 8 հանձնաժողովների նախագահների եւ ՀՀԿ խմբակցության ղեկավարի ընտրությանը, ապա այստեղ որեւէ զգալի փոփոխություն չկա: Մինչդեռ, եթե ՀՀԿ-ն, իր ցուցակում ընդգրկելով այլ կուսակցությունների ներկայացուցիչների, ցանկանում էր ցույց տալ սեփական լայնախոհությունն ու իշխանությունը կիսելու պատրաստակամությունը, ապա թերեւս, կարելի էր գոնե հանձնաժողովներից մեկ-երկուսի նախագահների պաշտոնը տալ օրինակ` Արտաշես Գեղամյանին կամ Խոսրով Հարությունյանին:
Ինչպիսին կլինի նոր խորհրդարանը` ցույց կտա ժամանակը: Իսկ թե ինչպիսին կլինի ԱԺ հին ու նոր նախագահը, պարզ կդառնա մինչեւ 2013-ի նախագահական ընտրությունները: Իսկ առայժմ որոշ շրջանակներ  կանխատեսում են, որ  ինչքան էլ Սերժ Սարգսյանը հավատա, Հովիկ Աբրահամյանը չի փոխվի:




Լրահոս