Ոչ ֆորմալ հանդիպում կարելի է «Բելաջիո»-ում կազմակերպել. Ալեքսանդր Արզումանյանը՝ լեզվի օրենքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերի 9-ին խորհրդարանում տեղի ունեցած նիստին և այն համարեց «Լեզվի մասին» օրենքի կոպտագույն խախտում, երբ հայ-ռուսական բարեկամության ակումբում նիստը վարել են ռուսերեն լեզվով: Պատգամավորը նշեց, որ օրենքը երեք անգամ անընդմեջ խախտելուց հետո նախատեսվում է քրեական գործ հարուցել:

«Դատապարտում եմ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կեցվածքը, երբ ինքը ԱԺ նիստում հայտարարում է, որ սրանից հետո կապահովվի լեզվի մասին օրենքի պահանջը, բայց այդ ակումբի նիստին իր պաշտոնական ուղերձն է հղում ռուսերեն լեզվով, որը նաև չի թարգմանվում հայերեն: Այդ հարցի հետ կապված` ես հարցումներ եմ անելու, որպեսզի ընթացակարգեր հարուցվեն»,- ընդգծեց  Նիկոլ Փաշինյանը և դիմեց նաև հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին.«Դուք անձամբ ներկա եք եղել այդ նիստին և, որպես հանձնաժողովի նախագահ, ցուցաբերել եք անգործություն: Ես ցավում եմ, որ Դուք տեղյակ չեք լեզվի մասին օրենքից»:

Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Այո, ներկա եմ եղել և խոսել եմ ռուսերեն ու ռուսերենով մասնակցել դեբատներին: Մի՛ կասկածեք լեզվի մասին օրենքից` իմ տեղեկացվածությանը: Ոչ ֆորմալ ձևաչափը պետք է առանձնացնել պաշտոնական ձևաչափից, ըստ այդմ` այդ ակումբը ֆորմալ չէ, այդտեղ չի եղել ֆորմալ հանդիպում»:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն  էլ  նշեց. «ԱԺ-ից դուրս ոչ ֆորմալ հանդիպում կարելի է «Բելաջիո»-ում կազմակերպել, բայց ԱԺ-ում ցանկացած հանդիպում ֆորմալ է: Նաև տարակուսելի է, որ այդ ակումբի աշխատանքներին չեն հրավիրվում ընդդիմադիր գործիչներ, որոնք կկարողանային իշխանության ներկայացուցիչների կարծիքներից տարբերվող կարծիք արտահայտել, ասել, որ սխալ է ԵՏՄ-ին միանալը, ասել, որ սխալ է ռուսերեն խոսելը»:




Լրահոս