Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասուլիսի ընթացքում ամփոփեց 2014 թվականը, անդրադարձավ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ԵՏՄ անդամակցությանը և արտաքին հարաբերություններին վերաբերող այլ հարցերի:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու հայկական պետական գերատեսչություններն ադեկվատ չարձագանքեցին Գյումրիի ողբերգական դեպքերին, նախարարը նախ նշեց, որ սարսափելի հանցագործություն է եղել և ապա ներկայացրեց այն քայլերը, որոնք կատարվել են այդ դեպքերից հետո:
«Այդ ահավոր, սարսափելի հանցագործության օրը հանրապետության նախագահը սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել, տվել համապատասխան հանձնարարականներ և նշել, որ ամենասեղմ ժամկետներում պետք է հայտնաբերել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել», – նշեց նա:
Նախարարի խոսքով, ռուս գործընկերների հետ լիակատար փոխհամաձայնություն կա և այդ գործի վերաբերյալ անհրաժեշտ բանակցությունները տեղի են ունենում ամենաբարձր մակարդակով: Նա նշեց, թե լիակատար փոխըմբռնում կա, որ հետաքննությունը պետք է լինի բաց, թափանցիկ ,և մեղավորները պետք է օրենքի ամենախստիվ ուժով պատասխանատվության ենթարկվեն: