Քննիչներն ահաբեկել են Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) աշխատողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի որդին` Արմեն Հակոբյանն ասաց, որ իր հոր դեմ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական գործողություններն անօրինական են: Նրա կարծիքով քրեական գործի հատկանիշներով հորը ձերբակալելու գործը շինծու է:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության երեկվա տարածած հաղորդագրության՝ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ձեռնարկատիրություն), 38-205-րդ հոդվածի 1-ին մասով` (հարկ վճարելուց խուսափելը), 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:

«Ժողովուրդ»-ը նախկին պատգամավորի ձերբակալման մանրամասները պարզելու նպատակով երեկ այցելեց նրան պատկանող «Զվարթնոց» ռեստորանային համալիր: Ինչպես պարզեցինք Հակոբ Հակոբյանի որդուց` Արմեն Հակոբյանից, իր հոր ձերբակալումը կապված է «Ուրախ եւ տխուր» ՍՊԸ-ի գործունեության հետ:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետ Աշոտ Զաքարյանը ներկայացրել է, որ 2014թ. 9 ամիսների ընթացքում 33 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացված ստուգումներով արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 6.9 մլրդ դրամ: Ըստ ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ «Ուրախ եւ տխուր» ՍՊԸ-ի ակտի գումարը կազմել է 428.5 մլն դրամ: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած այս ակտը նախկին պատգամավորն անհիմն էր համարել եւ փորձել դատարանի միջոցով հասնել արդարության: Եւ այդ օրվանից հետո սկսվել են ճնշումները:

«Մենք հարկային այդ ակտը բողոքարկեցինք դատարանում, ու այդտեղից սկսեցին իրենց գործողությունները: Ամեն ինչ անում են, որ մենք դատարանով չկարողանանք առաջ գնալ եւ մեր շահերը պաշտպանել: Գալիս էին, ՍՊԸ-ի աշխատակիցներին հարցնում էին՝ Հակոբյանը ձեր աշխատավարձ տվե՞լ է, ճի՞շտ է, որ ձեզ ծեծում է: Բոլորին այդպես գնացել, տանը ահաբեկել են: Մարդիկ ասել են, որ Հակոբյանը մեզ լավ է վերաբերվում, մեր աշխատավարձը ժամանակին տալիս է: Հիմա ես կոնկրետ չգիտեմ, թե քանի մեղադրանք են առաջադրել հայրիկիս, բայց բոլորն անօրինական են»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Հակոբ Հակոբյանի որդին:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո արդյո՞ք Հակոբյանին նաեւ կկալանավորեն, հետաքրքրվեցինք Արմեն Հակոբյանից: «Չեմ կարող հստակ ասել, բայց իրենց գործողությունները տանում են դրան: Նշեմ, որ քննիչները հորս բացարձակ քննության չեն կանչել, ծանուցագիր չեն ներկայացրել, որ այսպիսի խնդիր կա, նա մասնակից չի եղել քննչական աշխատանքներին: Եկել, հորս դրսում ձերբակալել, տարել են»:

Մեր զրուցակիցը չբացառեց նաեւ այն տարբերակը, որ միգուցե իր հոր անակնկալ ձերբակալումը պայմանավորված է նրա կողմից արված այն հայտարարության հետ, որ պատրաստվում է 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին ֆիլմ նկարել: «Կարող է՝ այդ տարբերակն էլ լինի»,- ասաց նա:

Արմենի խոսքով՝ երեկ ինքը տեսել է Հակոբ Հակոբյանին եւ առաջին հերթին հետաքրքրվել նրա առողջական վիճակով, քանի որ արյան բարձր ճնշում ունի: Պարզվում է՝ ձերբակալման ժամանակ նրա մոտ առողջական խնդիրներ են առաջացել:
Արմեն Հակոբյանը ահա թե ինչ պատմեց. «Իմ հորը Էջմիածնում են բերման ենթարկել, հայրս երեք անգամ վատացել է, շտապօգնություն են կանչել ու հետո տեղափոխել Երեւան: Ամեն ինչ անօրինական է, հիմա հայրս արդեն պաշտպան ունի, սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում»:

Այսպիսով՝ եթե Հակոբ Հակոբյանը բավարարի ՀՀ ֆինանսների նախարարության առաջ քաշած պայմանները, եթե նաեւ հոկտեմբերի 27-ի մասին իր հեղինակած ֆիլմի մասին մոռանա՝ հրաժարվելով այդ գործը գլուխ բերելուց, ուրեմն նրան ազատ կարձակեն, իսկ եթե համառի, չի բացառվում, որ կալանավորեն: Այսօր երեկոյան նոր հայտնի կդառնա՝ ինչ ճակատագիր է սպասվում Հակոբյանին:

Քնար Մանուկյան




Լրահոս