Սիլվա Գույումջյանը և Արտաշես Մարկոսյանը ՀՀ սփյուռքի նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Պոլսի Ազգային Կենտոնական վարժարանի տնօրեն Սիլվա Գույումջյանին և նրա ամուսնուն՝ «Արաս» հրատարակչության նախկին խմբագրապետ Արտաշես Մարկոսյանին:

ՀՀ սփյուռքի նախարարը Սիլվա Գույումջյանին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2014թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով շնորհված պարգևը՝ «Մովսես Խորենացի» շքանշանը: «Ավելի քան 35 տարի ղեկավարելով Ազգային կենտրոնական վարժարանը՝ Դուք Ձեր նշանակալի ավանդն եք բերել հայապահպանության կարևորագույն գործին», – նշեց գերատեսչության ղեկավարը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Սիլվա Գույումջյանի գործունեությունը՝ 130-ամյա Ազգային կենտրոնական վարժարանի ավանդույթների պահպանման և զարգացման գործում: «Ազգային վարժարանն են ավարտել անվանի հայ մտավորականներ Արշակ Չոպանյանը, Հրաչյա Աճառյանը, Միսաք Մեծարենցը, Վահան Թեքեյանը, Հակոբ Մնձուրին: Այս շարքը կարելի է երկար շարունակել: Վարժարանը ժամանակին ղեկավարել են նշանավոր հայ մտավորական ուսուցչապետեր Գաբրիել Նորատունկյանը, Ռեթեոս Պերպերյանը: Այս շարքը ևս կարելի է երկար շարունակել: Ազգապահպան այս պատվաբեր գործի իսկական շարունակողն այսօր տիկին Սիլվա Գույումջյանն է: Այսօր վարժարանն ունի 222 սան: Բոլոր տարիների շրջանավարտներն էլ հայերենի և Հայոց պատմության մասին լիարժեք գիտելիքներով ավարտում են կրթօջախը, և նրանց 90 տոկոսն ընդունվում են տարբեր բուհեր», – նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը կարևորեց 2015թ. մայիսի 3-ին վարժարանի ջանքերով կազմակերպված հայ մեծանուն եղեռնազոհ բանաստեղծ Դանիել Վարուժանի հիշատակի ոգեկոչման հանդիսությունը, որը կամակերպվեց և մեծ շուքով իրականացվեց վարժարանի կոլեկտիվի ջանքերով: «Այսօր մեր սեղանին է նաև այդ հանդիսությունից հետո լույս տեսած Վարուժանի կյանքն ու ստղծագործությունը ներկայացնող «Դանիէլ Վարուժան, անմահ բանաստեղծ, ուսուցիչ, մտաւորական» արևմտահայերեն գրքույկը», – հավելեց գերատեսչության ղեկավարը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևի համար՝ Սիլվա Գույումջյանը նշեց, որ միայն իր նախորդներից ժառանգած մեծ գործի շնորհիվ է, որ այսօր ինքը ստանում է այս շքանշանը: «Սա միայն իմ պարգևը չէ, սա վարժարանի ողջ ուսուցչական կազմի շքանշանն է»:




Լրահոս