ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված կոնֆերանսին մասնակցել են պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թ. հուլիսի 11-13-ը, Երևանում անցկացվել է «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին: Կոնֆերանսին մասնակցել են պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպություններից:

Կոնֆերանսի շրջանակում կայացել է «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. օրակարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշակույթի ապագան. Ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաև «Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը փոփոխվող աշխարհում» խորագրերով թեմատիկ սեղանները:

Կոնֆերանսին արտերկրից մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ և տարբեր երկրների մշակույթի նախարարներ, փոխնախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա պետությունների մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, Հայաստանից՝ շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի մասնակիցները այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,  հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Մասնակիցները այցելել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում ընդգրկված Հայաստանի պատմամշակութային կոթողներ: Աշխատանքային ծրագրից բացի, կոնֆերանսի մասնակիցները մասնակցել են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Կոնֆերանսն իր աշխատանքներն ավարտել է հռչակագրի ընդունումով, որը համահունչ է կոնֆերանսի հայեցակարգին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի դավանած սկզբունքներին:

Այս օրերին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպումներ է ունեցել կոնֆերանսին մասնակից նախարարների, ոլորտի պատասխանատուների հետ եւ մշակութային կապերը զարգացնելու ուղղությամբ պայմանավորվածություններ ձեռք բերել, մասնավորապես Իրաքի Հանրապետության մշակույթի նախարար Ֆարյադ Ռավանդուզիի, Բանգլադեշի մշակութային հարաբերությունների նախարար Ասադուզաման Նուռի, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի, Ռումինիայի մշակույթի և ժառանգության նախարարության պետական քարտուղար Բոգդան Ստանոևիչի, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Վունգ Դույ Բիենի (կողմերը ստորագրել են «Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի ոլորտում 2015-2018 թթ. համագործակցության մասին» ծրագիր), Իրանի մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիի հետ, ԵՄ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի պատասխանատու-համակարգող Թիմ Ուիլյամսի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դ’ Արմինիանի հետ:




Լրահոս