ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԱՆԻ ՏԵՂ ՉԴՐԵՑԻՆ
ԱԺ նոյեմբերի 21-ի արտահերթ նիստը բոյկոտած պատգամավորները երեկ բոյկոտել են  նաեւ էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հրավերը: Հանձնաժողովը նախօրոք գրավոր ծանուցել էր Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորներից 17-ին` յուրաքանչյուրին որոշակի ժամի հրավիրելով հանձնաժողովի նիստին` պարզաբանումներ տալու նպատակով:

ՀՀԿ-Ն ՓՈՂ Է ԲԱԺԱՆՈՒՄ
Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն «Առավոտ»-ին ասել է, թե ՀՀԿ շտաբներում արդեն փող են բաժանում:  «Անուններ չեմ տա, որովհետեւ այդ մարդը պրոբլեմներ կունենա: Ես այդ ինֆորմացիան լսել եմ Հանրապետականի կարկառուն դեմքերից: Սերժ Սարգսյանի շտաբներին տրված է մեծ քանակությամբ գումար, բայց թե դա ինչ կանեն` չգիտեմ, չնայած չեմ կարծում, որ դա միայն ընդմիջում անելու համար է: Բոլոր մարզերում ու Երեւան քաղաքում փողերն արդեն բաժանված են, ու դա մի կենտրոնից է գնում»,-հավաստիացրել է Հարությունյանը:

ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ԱՎԵԼԻ ԼԱ՞ՎՆ Է
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի կարծիքով ջավախահայերի խնդիրների վերաբերյալ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու  խոստումներն աննախադեպ են` ի տարբերություն Սահակաշվիլու ոչ առարկայական խոստումների: «Բացի այդ, Սահակաշվիլու օրոք մարդիկ շինծու կերպով դատվում էին, ինչպես, օրինակ, Վրաստանի խորհրդարանի երկարամյա պատգամավոր Մելիք Ռաիսյանը: Նրա դատավարությունը վերանայվել է, եւ ուրբաթ օրվա դրությամբ հանվել մեղադրանքը:  Իվանիշվիլու առաջին ձեռքբերումը կարելի է համարել այն հանգամանքը, որ ջավախահայերի հանդեպ հալածանքները դադարել են: Առաջիկայում համաներման կարգով ազատ կարձակվի նաեւ Վահագն Չախալյանը»,-ասել  է Թորոսյանը:

ԲԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԸ
Պետրոս Մակեյանի ղեկավարած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն  առաջարկում է, որպեսզի ՀԱԿ քաղխորհրդի նիստերի ղեկավարումը ստանձնի  Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մակեյանը երեկ նշել է, որ այդ հարցն իրենց կողմից վաղուց է բարձրացվել. «Դեռեւս հունիսին ենք ասել, տեսնում ենք նաեւ ռոտացիոն տարբերակով ղեկավարելը, որովհետեւ տասնհինգ կուսակցություններ տարբեր ուժեր են, եւ երբ որեւէ քաղաքական բան չներկայացնող մեկը գալիս ու փորձում է կոորդինացնել այդ ուժերը, տրամաբանությունը թույլ է, այդ առումով համաձայն եմ Սոս Գիմիշյանի հետ»: Մակեյանը շեշտել է, որ ՀԱԿ-ում կա լուրջ ճգնաժամ, քանի որ եթե այն եղել է քաղաքական օրակարգ ձեւավորող եւ պարտադրող,  հիմա  հայտնվել է դիտորդի դերում:




Լրահոս