Լատվիան անվերապահորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը կապված ԼՂ հակամարտության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովի շրջանակներում հանդիպեց Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչի հետ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց երկկողմ փոխգործակցության համակողմանի զարգացմանը նպաստող Հայաստանի և Լատվիայի միջև պարբերական քաղաքական երկխոսությունը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ նախարար Ռինկևիչը խորհրդանշական համարեց, որ հենց Երևանում է առաջին անգամ Լատվիայի ԱԳ նախարարը մասնակցում ՖՄԿ արտգործնախարարների համաժողովին։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, և քննարկեցին բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առևտրատնտեսական փոխգործակցության խթանման հարցերը։

Նախարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ։ Այս համատեսքստում Լատվիայի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց գագաթաժողովին Հայաստանի կառուցողական մասնակցության համար։

Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչը անդրադարձան Եվրոպական միության և Եվրասիական միության միջև փոխգործակցության հաստատման հնարավորություններին։

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Ադրբեջանի սադրանքների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակը։ Այս առումով Էդգարս Ռինկևիչը ընգծեց, որ Լատվիան անվերապահորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և նրանց կողմից ներկայացված առաջարկությունները։

Հանդիպման օրակարգում էին Մերձավոր Արևելքում տեղի ուենցող զարգացումները, միգրացիոն հոսքերը և այդ մարտահրավերների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։




Լրահոս