20 ՐՈՊԵ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՄԵԿ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ օրը Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ոստիկանություն բերման են ենթարկվել 20 հոգի: Այդ ամենի հետ մեկտեղ իրավիճակը Գյումրիում շարունակում է մնալ լարված, ու շատ հարցեր դեռեւս անպատասխան են:
Հիշեցնենք, որ նախօրեին Գյումրու կենտրոնական՝ «10-հարկանի» կոչվող թաղամասում մոտ 20 րոպե փոխհրաձգություն էր տեղի ունեցել: Ըստ ականատեսների` կրակոցների հեղինակները Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տղան` Սպարտակ Ղուկասյանն ու եղբորորդին` Նիկոլայ Ղուկասյանն (Կոլիկը) են, որոնք կրակել են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատի ներկայացուցիչներ Հարություն Խաչատրյանի (Քավոր Հարութի) տան եւ թաղային հեղինակություն Արտյոմ Կարապետյանի (Շեկոյի) վրա: Ա. Կարապետյանը ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել էր, իսկ Հ. Խաչատրյանը՝ վիրահատվել: Երեկ նա տեղափոխվեց հիվանդասենյակ: Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբույժ Խաչատուր Կարապետյանը news.am-ի հետ զրույցում նշել է, որ Հ. Խաչատրյանը կրակոցից հետո վիրավոր վիճակում գնդակն անձամբ է հանել իր լեզվի արմատի միջից. «Հ. Խաչատրյանի պատմելով՝ հենց դեպքի վայրում նկատելով, որ ինչ-որ բան անհանգստացնում է, լեզվով խաղացել, խաղացել է եւ գնդակը դուրս է թքել»:
Եվ մինչ Քավոր Հարութը կապաքինվի, իրավապահների եւ գյումրեցիների շրջանում կատարվածի շուրջ տարբեր վարկածներ են շրջանառվում, որոնց մի մասին երեկ անդրադարձել էինք: Բայց առավել հավանական վարկածը կարծես թե Ղուկասյանի աղջիկներից մեկի հարսանիքի օրը տեղի ունեցածն է ու դրա շարունակությունը: Ըստ լուրերի՝ հարսանիքի ժամանակ Ղուկասյանի թիմակիցները գինովցած բարձրաձայն հայտարարել են. «Ղուկասյան չլինենք, եթե Մարտունականները մեզ պատասխան չտան մեր փեսայի սպանության համար»: Ի դեպ, Ղուկասյանի դստեր հարսանիքի քավորը Շիրակի նախկին դատախազ Դավիթ Սարգսյանն է:
Եվ ահա, ականատեսների փոխանցմամբ, Վ. Ղուկասյանի տղան՝  Սպարտակ Ղուկասյանը, 99 999  համարանիշի սպիտակ «Pajero» մեքենայով եկել է Գյումրու կենտրոնական թաղամաս, նրա մեքենայի մեջ են եղել Վահե եւ Նիկոլայ Ղուկասյաններն ու նրանց ընկերը` Վաչիկը: Ըստ ականատեսների` առաջինը կրակոցներն արձակել են Մարտուն Գրիգորյանի թիմակիցները. «Տպավորությունն այնպիսին էր, որ մինչ կենտրոնական փողոց հասնելը, ինչ-որ միջադեպ եղել է, ու այն շարունակվել է կենտրոնական փողոցում»:
Բնակիչների փոխանցմամբ` Մ. Գրիգորյանի թիմակիցները, իջնելով մեքենայից, անմիջապես սովորական զենքերով սկսել են կրակել Ղուկասյանի թիմակիցների ուղղությամբ, ինչի ի պատասխան՝  Վ. Ղուկասյանի թիմակիցները պատասխան կրակոցներով են հանդես եկել՝ ինքնաձիգներով:
Գյումրեցիների համար մինչ օրս շատ հարցեր մնում են անհասկանալի, թե այդ ինչպես է պատահում, որ մոտ 20 րոպե փոխհրաձգություն է տեղի ունենում կենտրոնական փողոցում, եւ ոստիկանության գրասենյակը, որը մոտ է գտնվում, ոչ մի կերպ չի արձագանքում. «Մեզ համար զարմանալի է այն, որ ականատեսները գերդաստանների հարազատների անուններ են տալիս, որոնց դեպքի վայրում տեսել են, եւ նրանք չեն պատժվում»: Ավելին, պաշտոնապես ձերբակալվեց միանգամայն այլ մարդ:
Սակայն սա միակ զարմանալի փաստը չէ:
Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն` ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայրը` Կամո Գրիգորյանը, Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հետ Վանաձորում համատեղ բիզնեսներ ունի` խաղատուն ու սրճարաններ, եւ դատախազը ամեն ինչ անում է ԲՀԿ-ականներին ստեղծված իրավիճակից մաքուր դուրս բերելու համար:
Տեղեկությունը պարզելու նպատակով փորձեցինք զրուցել Մարտուն Գրիգորյանի հետ, սակայն չկարողացանք կապ հաստատել: Նրա օգնական Աղասի Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես էլ եմ շատ ցանկանում խոսել իր հետ, բայց չեմ կարողանում»:
Բացի այդ, ոստիկանությունը պաշտոնապես հայտարարություն տարածեց այն մասին, որ գործի շրջանակներում ձերբակալվել է Վ. Ղուկասյանի եղբորորդի Կոլյա Ղուկասյանը: Սակայն Շիրակի մարզի դատախազը երեկ հերքեց տեղեկությունը. «Կ. Ղուկասյանը ձերբակալված չի եղել, նա միայն բերման է ենթարկվել: Էս պահին ունենք ձերբակալված մեկ անձ՝ Վահե Ղուկասյանը: Կ. Ղուկասյանը հայտնաբերվել է սահմանային կետը հատելիս, բերման է ենթարկվել: Քննարկման առարկա պետք է դառնա նաեւ նրա՝ սահմանը հատելու փորձը: Նախաքննությունը պետք է պարզի՝ ինչ նպատակով էր նա դեպքից անմիջապես հետո փորձում դուրս գալ Հայաստանից»: Ավելին, ըստ դատախազի՝ նախաքննության ընթացքում արդեն իսկ ապացույցներ են ձեռք բերվել, որ հանցագործությունը կատարել է Վահե Անդրանիկի Ղուկասյանը: Իսկ նախօրեի գիշերը բերման ենթարկված Վարդան Ղուկասյանը հենց գիշերն էլ ազատ է արձակվել: Բաց են թողել նաեւ հայ-վրացական սահմանից բերման ենթարկված Նիկոլայ Ղուկասյանին:
Կատարվածի շուրջ «ԳԱԼԱ»-ի լրագրողի հետ զրույցում իր գնահատականն է տվել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրա խոսքով` հանցագործները հայտնաբերված են, իսկ հանցագործությունը՝ բացահայտված: Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն փաստը, որ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանության բաժանմունքի հարեւանությամբ, Վլ. Գասպարյանը պատասխանել է. «Ոստիկանական բաժանմունքը նշանակություն չունի, գյումրեցին, որ էդքան խոսում են պատվից ու ինքնասիրությունից, մի քիչ, սենց ասած, քիչ գողական մտածեն, այդտեղ ամեն ինչ կընկնի իրա տեղը»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս