«ԱՐՄԵՆԻԱ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞ւր էր ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ մոտ մեկ տարի, ինչո՞ւ չէր երեւում էկրաններին, ո՞րն էր նրա լռության պատճառը: Հիմա Հասմիկը վերադարձել է եթեր, վարում է ««Շանթ»-ի առավոտը»  հաղորդումը: Իր իսկ խոսքով` էկրաններին շատ երեւալ չի սիրում, կարծում է, որ ճանաչված մարդը հետաքրքիր լինելու համար պետք է ժամանակ առ ժամանակ չերեւա, որպեսզի խուսափի հոգնեցնելուց ու սպառվելուց:
-Երբեմն պետք է լռես, որ կուտակումներ լինեն: Ինքս որոշում կայացրի մի որոշ ժամանակ բացակայել եթերից, ինձ պետք էր ստեղծագործել, վերադառնալ տուն: Թեկուզ ես հեռուստաեթերում շատ եմ լինում, բայց իմը երգարվեստն է: Զգացի, որ հաղորդավարական կարիերան վատ իմաստով ազդել էր ինձ վրա, ես չէի ստեղծագործում: Այդ լռության ընթացքում, երբ չէի երեւում, գրվեցին մի շարք երգեր, նկարահանվեց տեսահոլովակ: 2012-ին «Դար 21»-ի  մրցանակաբաշխությանը իմ եւ Դեր Հովայի «Անհնար է» զուգերգը դարձավ «Տարվա լավագույն դուետ»: Կրկին ունեմ նոր աշխատանքներ, ինձ համար քանակը չէ կարեւոր, այլ որակը: Հետո էլ` իմ չերեւալը միայն էկրաններին էր, քանի որ ես նաեւ հանդես եմ գալիս տարբեր համերգներին, միջոցառումներին, ուղղակի դրանց մասին իմանում են նրանք, ովքեր գալիս ես մեզ հետ այդ երկրներ:
-Հյուրախաղերը բավարա՞ր են:
-Չեմ կարող չնշել, որ վերջերս երգարվեստը լճացել է: Եթե, օրինակ, մեկ տարվա ընթացքում ես ունենում էի մինիմում 3 հրավեր տարբեր երկրներից ու որոշում, թե ուր գնալ, հիմնականում եվրոպական երկրներ էի մեկնում, հիմա դա էլ չկա: Չգիտեմ՝ դա ինչով է բացատրված` ոչ այն պատճառով, որ ես սպառվել եմ, չունեմ ասելիք, պարզապես հիմա նախընտրում են ռեստորանային, պարային երաժշտություն: Ցավոք սրտի, հրավիրվում են այն մարդիկ, որոնք կատարում են կոմերցիոն երաժշտություն, սա ասելով նկատի ունեմ հայկական պարային, ռեստորանային երաժշտությունը, այն մեր հայերի ճնշող մեծամասնությունը սիրում է: Չեմ էլ մեղադրում, միշտ ռաբիս ոճն ավելի շատ է գնահատվել: Ցավալի է, որ մարդիկ չեն հասկանում, որ երգարվեստը միայն դա չէ: Մենք ունենք կատարողներ, որոնք մատուցում են որակյալ երաժշտություն, բայց չեն երեւում: Սա պարադոքս է, բայց մեր երկրում այդպես է: Երեւում են այն մարդիկ, որոնք այդքան էլ արժանի չեն: Ինձ ճի՛շտ հասկացեք, սա ո՛չ նախանձ է, ո՛չ այլ երեւույթ, բայց երբ դու ակնհայտ տեսնում ես երգարվեստում գերիշխող անորակ ճահիճը, չես համակերպվում դրա հետ:
-Վերջերս կայացած «Արմենիա» մրցանակաբաշխությանն ինչո՞ւ չկայիք:
-Ի դեպ, ինձ ոչ մի անգամ դեռեւս չեն հրավիրել Մոսկվա` «Արմենիա» մրցանակաբաշխությանը: Եվ ինձ շատ հետաքրքիր է, թե ինչու: Այնպես չէ, որ ես նոր աշխատանքներ չեմ մատուցել այս տարիների ընթացքում: Ի զարմանս ինձ՝ միշտ նույն մարդիկ են այնտեղ լինում: Ես իսկապես չեմ գտնում այդ հարցի պատասխանը: Ոչ մի անգամ այնտեղից հրավեր չեմ ստացել` թեկուզ որպես երգչուհի մասնակցելու, որը եկել է ողջունելու Մոսկվայի իր երկրպագուներին, իսկ նրանք կան, ես դա շատ լավ գիտեմ: Գուցե ինչ-որ բան այն չէ, ես չեմ պարզել ու չեմ էլ պարզելու:
-Իսկ այլ մրցանակաբաշխությունների հրավիրո՞ւմ են:
-Իհարկե, ես եղել եմ շատ տարբեր մրցանակաբաշխությունների:
-Նկատել եմ նաեւ, որ Դուք մրցույթներին էլ չեք մասնակցում:
-Շատ ճիշտ եք նկատել: Ես չեմ սիրում մրցույթներ, որովհետեւ արվեստը սպորտ չէ: Արվեստը միակ դաշտն է, որտեղ ամեն ստեղծագործող ունի իր ուրույն աշխարհընկալումը, իր յուրահատկությունը: Եվ ոչ ոք իրավունք չունի դատելու արվեստագետներին` ասելով՝ ով էր լավ, ով` վատ:
-Անձնականում ի՞նչ նորություններ կան, ինչի՞ մասին եք երազում:
-Ես շատ երազկոտ եմ, չեմ դադարում երազել, այդ տեսակից չեմ մեծանում: Որպես կին, աղջիկ՝ երազում եմ գտնել իմ սիրուն:
-Ախ, այդ սերը, որ ուշանում է…
-Ոչ մի բան այս կյանքում չի ուշանում, պարզապես մարդիկ անհամբեր են: Ես մի շատ հետաքրքիր բան եմ հասկացել այս տարիների ընթացքում: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Եթե քո պահը չի եկել, ուրեմն ինչքան էլ ուզես, որ լինի, չի լինելու: Աստված չի ուշացնում, մարդիկ չեն համբերում: Հետո էլ մեր սերնդի աղջիկների համար շատ դժվար է, որովհետեւ նորմալ տղամարդ շատ քիչ է մնացել: Ես մաքսիմալիստ եմ այդ առումով, չեմ կարող ուղղակի ամուսնանալու համար դիմել այդ քայլին: Ավելի լավ է մնալ մենակ, քան ամուսնանալ ում հետ պատահի:
Ուզում եմ դիմել ժողովրդին. այս հարցը հայկական հարց է դարձել, ինձ համար իսկապես արդեն տհաճ է: Իմ այդ հարցով մի ամբողջ հանրություն արդեն տառապում է: Ես շատ շնորհակալ եմ այն մարդկանցից, որոնք իմ երգերի միջոցով հասկացել են, թե ես ինչ տեսակ եմ թե՛ եթերում, թե՛  կյանքում: Թող անհամեստություն չթվա, բայց ես կարողացել եմ այս կեղտոտ աշխարհում, որի անունն է շոու բիզնես, մնալ մաքուր, պահպանել որոշակի սկզբունքներ, որոնք արդար են, ու կեղտոտ ջրի հետ չպղտորվել, չկորցնել մարդ տեսակը:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս