Արագածոտնի մարզի Աշնակ համայնքի բնակիչներն արդեն սկսել են մտահոգվել գազի սակագնի սպասվող բարձրացմամբ: «Աթար ենք վառելու կամ էլ վերջում մենք մեզ պետք է վառենք: Բայց ի՞նչ անենք, ո՞ւմ գլուխը հելնենք ջարդենք»,-վրդովվեց Աշնակի ղեկավար Գեւորգ Մարտիրոսյանը: Համայնքապետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց, որ գյուղում այս պահին ապրում է 300 չամուսնացած երիտասարդ աղջիկ եւ տղա: «Պատճառը սոցիալապես վատ պայմաններն են: Աշխատանք չունեն, որ ամուսնանան: Իրենք իրենց գլուխը չեն կարողանում պահել: Այդ երիտասարդների 80 տոկոսը բարձրագույն կրթություն ունի, բայց այսօրվա դրությամբ ոչ ոք աշխատանք չունի: Այս հարցով տարին երեք անգամ դիմում եմ Սերժ Սարգսյանին, որ չեն անում, էլ ի՞նչ անեմ: Ես էլ ՀՀԿ-ական գյուղապետ եմ՝ ոչ բարով ու խերով»,-ծիծաղելով ներկայացրեց գյուղապետը: Տեղեկացնենք նաեւ, որ գյուղում այս պահին ապրում է 1200 բնակիչ, իսկ դպրոցի աշակերտների թիվը կազմում է 135, մինչդեռ տարիներ առաջ եղել է գրեթե կրկնակի՝ 260:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ