ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎ ԻՐԵՆՑ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՌԱՋԱՐԿԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանություններն այս օրերին ակտիվորեն զբաղված են նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներով: Իհարկե, ներկա փուլում այդ աշխատանքները դեռեւս ստվերային բնույթ են կրում: Սակայն ակնհայտ է, որ նոր ընտրական օրենսգրքի թեման առաջիկա ամիսներին լինելու է քաղաքական դաշտի հիմնական քննարկման առարկաներից մեկը:

Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ ընդդիմությունը, որպես կանոն, չի մասնակցում ԸՕ-ի նախագծի քննարկումներին, կամ էլ դրանցում ներգրավվում է միայն ամենավերջում, երբ արդեն նախագիծը վաղուց գրված պատրաստ է, եւ իշխանությունները հասցրել են բոլորին համոզել, որ իրենց կազմած փաստաթուղթն ամենալավն է, եւ իրենք էլ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների կողմնակից են: Սակայն իրականությունն այն է, որ իշխանություններն ամեն անգամ ԸՕ նախագիծ մշակելիս ընտրակեղծարարության գործիքները դրել են այդ փաստաթղթի հիմքում: Իսկ ընդդիմությունը ստիպված է եղել ամեն ընտրություններից հետո արձանագրել, որ իշխանություններն իրենց կաշին չեն փոխել եւ նրանք շարունակում են կեղծել ընտրությունները:
Սակայն այլեւս ակնհայտ է, որ գործընթացներին մասնակցելը եւ սեփական տեսակետը ներկայացնելն ավելի արդյունավետ է: Ի վերջո, Հայաստանում բոլոր կարեւոր փաստաթղթերի մշակմանը, որպես կանոն, ներգրավված են լինում նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչները: Նախագծերի մշակումից հետո իշխանությունների համար ավելի հեշտ է «հիմնավորել» ընդդիմության առաջարկները չընդունելու գործելաոճը: Իսկ նախագծի մշակման փուլում ծավալվող քննարկումների ժամանակ իշխանությունների կողմից ընդդիմության բոլոր առաջարկները մերժելն այդքան հեշտ չի լինի: Կասկածից վեր է, որ իշխանությունները ստիպված կլինեն, ասենք, տասը առաջարկից մեկ կամ երկուսն ընդունել:
Հայաստանի ընտրական համակարգի առանցքային խնդիրն ընտրացուցակների հարցն է: Տարիներ շարունակ ընդդիմությունը բարձրաձայնում է ընտրացուցակների ուռճացված լինելու մասին, բայց հարցը այդպես էլ լուծում չի ստանում: Նույնիսկ իշխանություններն են ընդունում, որ ՀՀ ընտրական ցուցակները 800 հազարից մինչեւ 1 միլիոն ընտրողով ուռճացված են, քանի որ մարդիկ տարիներ առաջ Հայաստանից արտագաղթել են, բայց շարունակում են ընտրացուցակներում մնալ: Իշխանությունների փաստարկն այն է, որ եթե մարդը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ քաղաքացիությունից չի հրաժարվել կամ պաշտոնապես չի տեղեկացրել մշտական բնակության նպատակով արտերկիր տեղափոխվելու մասին, ապա իրենք իրավունք չունեն նրան ընտրական ցուցակից հանել: Առաջին հայացքից թվում է, թե տրամաբանական պատճառաբանություն է: Բայց ողջ խնդիրն այն է, որ մարդիկ Հայաստանից ուղղակի փախչում են, եւ ընտրացուցակներում եղածների մեծ մասը վաղուց նաեւ ՀՀ քաղաքացի չէ, ու նրան չի էլ հետաքրքրում՝ իր անունը ընտրական ցուցակում կա, թե ոչ: Ինչեւէ, ուռճացված ընտրացուցակները իշխանություններին հնարավորություն են տալիս բացակա մարդկանց փոխարեն «ընտրելով»՝ իրենց անհրաժեշտ քվեն գրել:
Ընդդիմությունը որպես լուծում առաջարկում է ընտրողների մատի թանաքոտումը: Ենթադրվում է, որ այդպիսով հնարավոր կլինի կանխել բազմակի անգամ եւ ուրիշի փոխարեն քվեարկելու մեխանիզմի կիրառումը: Մյուս կողմից ընդդիմությունն առաջարկում է նաեւ քվեարկությունից հետո հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները:
Մատերի թանաքոտման դեպքում իշխանությունները հոդաբաշխ եւ տրամաբանված ոչ մի պատճառաբանություն չեն ներկայացնում: Իսկ այն պնդումները, թե դա մեր ազգին հարիր չէ, կամ որ խանդի տեսարանների առիթ կարող է դառնալ, այնքան անհեթեթ են, որ դրանց իմաստ չունի անդրադառնալ: Իրականում իշխանությունները մատերի թանաքոտումից վախենում են եւ այդ պատճառով չեն համաձայնում: Սակայն իրականում, եթե անգամ իշխանությունները համաձայնեն մատերի թանաքոտմանը, ապա միեւնույն է՝ այդ մեխանիզմը առանց ընդդիմության վերահսկողության մնացող 500-ից 600 գյուղերի խնդիրը չի լուծում: Այսինքն՝ առանց վերահսկողության մնացած գյուղում, միեւնույն է, իշխանությունները կարող են իրենց ուզած թիվը գրել:
Ստորագրված ցուցակները չհրապարակելու վերաբերյալ իշխանությունների պատճառաբանություններից մեկն այն է, որ դրանցում առկա են քաղաքացիների անձնագրերի տվյալները, եւ չարագործները կարող են այդ հանգամանքը օգտագործել:
Հատկապես եվրոպական երկրներում, որի բնակչությունը եւս ակտիվ տեղաշարժվում է, ընտրացուցակների խնդիրը լուծում են ընտրողի վկայականների միջոցով: Հայաստանը եւս կարող է անցում կատարել «ընտրական անձնագրերին»: Այսինքն՝ ընտրողներին, ըստ նրանց հայտերի, տրամադրվեն «ընտրական անձնագրեր» եւ ընտրական ցուցակներում տեղ զբաղեցնեն միայն այն քաղաքացիները, ովքեր դիմել եւ ստացել են այդ փաստաթղթից: Այսպիսով լուծվում է ինչպես ընտրացուցակների ուռճացվածության, այնպես էլ ստորագրված ընտրացուցակների հրապարակման խնդիրը, քանի որ այդ փաստաթղթերի վրա այլեւս նշված կլինի ոչ թե մարդու անձնագրի, այլ «ընտրական անձնագրի» տվյալները, որը չարագործները ոչ մի կերպ չեն կարող օգտագործել: Մյուս կողմից այդ փաստաթղթերում այլեւս ոչ թե ժամանակավոր, այլ պահպանվող կնիք կդրվի, եւ բազմակի քվեարկության խնդիրն էլ կլուծվի: Կլուծվի նաեւ նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների քվեարկության խնդիրը:
Ի դեպ, եթե ընդդիմությունը կարողանա հասնել այն բանին, որ վերը բերված մեխանիզմը Հայաստանի ներկա ընտրական համակարգում ներդրվի, ապա ընտրակեղծարարության խնդիրը մեծ հաշվով լուծված կլինի: Դրանից հետո եթե իշխանություններին վերստին հաջողվի ընտրությունները կեղծել, ապա դա հնարավոր կլինի միայն ընդդիմության անգործության շնորհիվ միայն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԿՏԱԿՆ ԻՐԱԳՈՐԾՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ
«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ օրերս գաղտնիության պայմաններում բացվել է անցած տարվա հունիսի 16-ին մահացած ամերիկահայ գործարար, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը: Ինչպես արդեն հայտնել էինք՝ բարերարն իր ունեցվածքը կտակել է բարեգործությանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Քրքորյանի կտակն իրագործելու նպատակով ԱՄՆ-ում հատուկ գրասենյակ է բացվել, որում ներգրավված են բազմաթիվ իրավաբաններ եւ տնտեսագետներ: Նրանք առաջիկա ամիսներին մեկ առ մեկ պետք է վեր հանեն, թե Քրքորյանն իր 98 տարվա կյանքի ընթացքում ինչպիսի բարեգործություն է կատարել, որպեսզի ունեցվածքից ստացված միջոցների հաշվին այն կրկնեն, ինչպես նշված է մեծ բարերարի կտակում:

 

ԱՆՏՐՏՈՒՆՋ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ հունվարի 18-ից ՀՀ ճանապարհային ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում՝ առջեւի հողմապակին թաղանթապատված վիճակում վարող ավտոմեքենաներին հայտնաբերելու եւ վարչական տույժի ենթարկելու նպատակով: ՃՈ-ն բոլոր վարորդներին հորդորում է իրենց տրանսպորտային միջոցների առջեւի հողմապակու թաղանթն ապամոնտաժել եւ հեռացնել: Տեղեկացնենք որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առջեւի հողմապակին թաղանթապատված վիճակում տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի՝ 30 հազ. դրամի չափով: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե քանի վարորդ է ապամոնտաժել մեքենաների առջեւի հողմապակու թաղանթը: Ի պատասխան՝ Հակոբյանն ասաց. «Հունվարի 18-ին մոտ 70 մեքենայի դիմապակու թաղանթ տեղում մաքրվել է, 16 հատ արձանագրություն գրվել է, որից 8-ը երեկվա դրությամբ արդեն մաքրվել է: Հունվարի 18-ի դրությամբ՝ մոտ 80 մեքենայի դիմապակի մաքրվել է»:

 

ՊԱՐՏՔԵՐԸ ՄԱՐՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դեկտեմբերի 21-ին դիմել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: Ենթադրվում էր, որ այս գործով դատական առաջին նիստը կայանալու է հունվարի 22-ին, սակայն ՀԷՑ մամլո խոսնակ Նատալիա Սարջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. որ պարտքի մի մասը «Հրազդան Ցեմենտը» մարել է, ինչի պատճառով էլ դատական նիստը տեղի չի ունենա: Սարջանյանի խոսքերով` գործարանը ընկերությանը պարտք է եղել 418 մլն դրամ, սակայն օրերս այդ պարտքից 120 մլն դրամն արդեն իսկ մարել է: Արդյունքում, ՀԷՑ-ը վերականգնել է «Հրազդան Ցեմենտի» էլեկտրամատակարարումը:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՎԱՅՐ ԿԴՆԻ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը շատ շուտով վայր կդնի իր լիազորությունները: 168.am-ի տեղեկություններով՝ պատվիրակության նոր ղեկավար կդառնա ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Այս փոփոխությունը տեղի կունենա հունվարի 25-ի ԵԽ ԽՎ լիագումար նստաշրջանից հետո:
Հ.Նաղդալյանի հրաժարականի պահանջը հասունացավ անցած տարի նոյեմբերին, երբ ԵԽ ԽՎ հանձնաժողովներում հակահայկական երկու բանաձեւերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից», ընդունումից հետո: Նաղդալյանը հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարական տալու:
«Առանց մտածելու, առանց որեւէ անհանգստություն ցուցաբերելու: Ես կարծում եմ, որ խնդիրը պետք է այսպես դնել, որ ոչ միայն պատվիրակությունն է պարտավոր այս աշխատանքները կատարել, այլ նաեւ խորհրդարանի բոլոր անդամները, որոնք միջազգային հարթակներում աշխատում են, որոնք բարեկամական խմբերի շրջանակներում աշխատում են, տարբեր երկրների խորհրդարանականների հետ հանդիպումներ են իրականացնում»,- ասել էր Նաղդալյանը:

 

ԵՄ-Ն ՄՏԱՀՈԳ Է
Նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորհրդի հերթական նիստը, որտեղ անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին։ ԵՄ խորհուրդը նախագահող Նիդերլանդների ԱԳ նախարար Բերտ Կունդերսն ասել է, որ Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է Եվրամիության առաջնահերթությունը, եւ որ ստատուս քվոյի պահպանումը անընդունելի է։ Կունդերսն ասել է, որ քննարկվել է նաեւ սահմանային միջադեպերի վերահսկման մեխանիզմների հարցը՝ նշելով, որ շփման գծի եւ Հայաստանի սահմանների իրավիճակը լուրջ մտահոգությունների խնդիր է մնում։

 

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը, հանձնաժողովի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Վահե Էնֆիաջյանը, Լեւոն Դոխոլյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը երեկ մեկնել են Ֆրանսիա` մասնակցելու հունվարի 19-ից 22-ը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի աշխատանքներին։ Սամվել Ֆարմանյանը հունվարի 23-ից 30-ը Ստրասբուրգում կմասնակցի նաեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի աշխատանքներին։

 

ԿՄԵԿՆԻ
Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտգործնախարար Իգոր Լուկշիչի հրավերով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Չեռնոգորիա:




Լրահոս