ԼՂՀ-Ն ՊԵՏՔ Է ՆՍՏԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունված թվով հինգերորդ՝ Էնիսկիլենի հայտարարությունում թեեւ առանցքային նորություններ չկան, սակայն առկա է շեշտադրումների որոշակի փոփոխություն: Եվ դա առավել ակնհայտ է դառնում, հատկապես երբ փորձում ենք այն համեմատել գերտերությունների եռյակի կողմից 2009թ. իտալական Լ’Աքվիլլայում ընդունված առաջին հայտարարության հետ: «Ժողովուրդ»-ը գերտերությունների եռյակի վերջին հայտարարության շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանի հետ:
-Տիկի՛ն Եսայան, Ձեր գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների վերջին հայտարարությունն ի՞նչ նպատակ էր հետապնդում:
-1994թ. ի վեր մենք ականատես ենք լինում, որ համանախագահող երկրների նախագահները եւ համանախագահներն իրենք ժամանակ առ ժամանակ Ղարաբաղի հարցի կարգավորման մասին հայտարարություններով են հանդես գալիս: Վերջին հայտարարությունը ես դիտում եմ այդ համատեքստում: Այսինքն՝ որեւէ արտառոց բան չեմ տեսնում, որ երեք երկրների նախագահները հանդես են եկել հայտարարությամբ: Չեմ կարծում, որ հայտարարությանը կհաջորդի որեւէ ավելի ակտիվ գործողություն, որովհետեւ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ինչ էլ հայտարարեն համանախագահող երկրները, որոշումը պետք է կայացնեն երեք երկրները: Իհարկե, այսօր Հայաստանն ու Ադրբեջանն են բանակցային սեղանի շուրջ նստած, բայց իմ անձնական համոզմունքն է, որ քանի դեռ ԼՂՀ-ն՝ որպես կողմ, նստած չէ բանակցությունների սեղանի շուրջ, այս հարցը երբեք չի կարող լուծվել: Ե՛վ ցանկացած հայտարարություն անելուց առաջ, ե՛ւ հետո ես ուղղակի հորդորում եմ ջանք գործադրել, որ ԼՂՀ-ն վերադառնա բանակցային սեղան:
-Իսկ, ըստ Ձեզ, այդ հայտարարությունները որեւէ ազդեցություն ունենո՞ւմ են հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Մտավախություն չունե՞ք, որ  գերտերությունների ղեկավարների հայտարարությունները, գնալով ավելի շատ վերածվելով հերթական հայտարարությունների, կորցնում են իրենց նշանակությունը:
-Միանշանակ նպաստում է, շատ լավ տեղյակ եք, թե Ադրբեջանը որքան ջանք է գործադրում Մինսկի խմբի շրջանակը կա՛մ ընդլայնելու, կա՛մ հարցի կարգավորումը տեղափոխելու այլ միջազգային հարթություն: Բայց, բարեբախտաբար, այսօր բոլորս տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլընտրանք չունի, եւ այդ խմբի գործունեությունը Ղարաբաղի կարգավորման հարցում, եկե՛ք խոստովանենք, որ բավական արդյունավետ է եղել: Կարծում եմ՝ մեկ այլ կողմի միջամտությունը կարող է ուղղակի վնասակար լինել: Կողմի ներառումը միայն պետք է լինի Ղարաբաղի դեպքում, այլ կողմ մեզ եւ Ղարաբաղին ուղղակի հարկավոր չէ:
-Ասացիք, որ այս ընթացքում ԵԱՀԿ խմբի աշխատանքը բավական արդյունավետ է եղել, կոնկրետ ի՞նչ արդյունք կարող եք նշել:
-Արդյունավետությունը բավական բարձր է, շուրջ տասնինը տարի համեմատաբար խաղաղ-բանակցային գործընթացն առաջին հերթին այս խմբի շնորհիվ է, իսկ վերջին հայտարարությունը եւս մեկ անգամ փաստում է, որ գերտերությունների համանախագահներն իրենց դերակատարությունը շարունակում են տեսնել հարցի կարգավորման մեջ եւ պատրաստակամ են շարունակել իրենց առաքելությունը, բայց մշտապես կա նույն երանգը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը ջանք պետք է թափեն, իսկ իմ կարծիքով՝ ավելի ազնիվ կլինի, եթե Ադրբեջանի ուղղությամբ համանախագահները, կներեք այս ձեւակերպման համար, խիստ մատ թափ տան եւ խստորեն կարգի հրավիրեն: Միաժամանակ, համանախագահող երկրները մի կողմ չեն քաշվում եւ չեն ասում՝ դուք ձեր խնդիրները լուծեք այնպես, ինչպես ցանկանում եք:
-Տեսակետ կա, որ Ադրբեջանը սպասում է նախագահական ընտրությունների ավարտին, որից հետո միայն հնարավոր կլինի հակամարտության կարգավորման գործընթացում տեղաշարժ ակնկալել: Դուք համամի՞տ եք:
-Մենք տարիներ շարունակ դրան ականատես ենք լինում, հենց որ Հայաստանում ընտրություններ են ընթանում, հարցը սառեցման փուլ է գնում: Ադրբեջանում կրկին հարցը սառեցման փուլ է գնում: Բացատրությունը մեկն է. համանախագահող երկրները շատ լավ հասկանում են, որ քանի դեռ չի լուծվել ԼՂՀ-ի խնդիրը, տարածաշրջանը խիստ գերլարված եւ վտանգավոր է: Բայց մի բան, որ առավել կարեւոր է, չպիտի մոռացվի՝ Ադրբեջանի սաֆարովյան խայտառակ քաղաքականությունից հետո Ղարաբաղի հարցում լրջագույն եւ անդառնալի շրջադարձ կատարվեց, այսօր առավել, քան երբեւէ, ոչ մեկի մտքով անգամ չի կարող անցնել, որ հայատյացության քաղաքականություն իրականացնող եւ օր օրի զինվող ու պատերազմի մասին հոխորտացող այս երկրին կարելի է ընդունել միջազգային ընտանիք, եւ Ղարաբաղի բախտը կապել այսպիսի երկրի հետ: Նման բան չի կարող լինել անգամ ամենավատ երազում, աշխարհի տերերը կարող են հարյուրավոր հայտարարություններ անել, մեկ բան անառարկելի է՝ ԼՂՀ-ն կերտում է իր ապագան, եւ այդ ապագան անկախ ու ազատ Ղարաբաղն է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս